Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Lուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել