Պետականաքանդման նիկոլական մեթոդաբանությունը

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ երևանյան հանդիպման ու Մոսկվայից Լավրովի շուրթերով Հայաստանին ուղղված նախազգուշական հայտարարությունների ֆոնին Նիկոլը հայտարարել է, որ Պրահայի պայմանավորվածությամբ իրենք պատրաստ են գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ չնայած որ Ադրբեջանն ունի հեռահար նպատակ՝ վիժեցնելու խաղաղության գործընթացն ու ի չիք դարձնելու պայմանագրի կնքման հնարավորությունը: «Մենք մեր վերաբերմունքի բանաձևը, մեթոդը պետք ա չփոխենք»,-մասնավորապես՝ ասել է «մեթոդաբան» Նիկոլը՝ կարևորելով դիվանագիտական ճակատում Հայաստանի աշխատանքն ու, ուշադրությո՛ւն, պետական ինստիտուտների հզորացումն ու կայացումը:

Նիկոլի հայտարարության մեխը Պրահայի փաստաթուղթը ելակետային համարելու մասին նրա խոսքն է, ինչը, փաստորեն, ևս մեկ անգամ փաստում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու հարցում Երևանը շարունակում է մնալ անդրդվելի՝ նախընտրելի համարելով խաղաղության պայմանագրի արևմտան տարբերակը:

Բայց սա հարցի մի կողմն է: Առավել հետաքրքիր է ստացվել Նիկոլի բանաձևումն այն խնդրի վերաբերյալ, թե այս իրավիճակում ինչպես Երևանը պետք է հակազդի Բաքվին: Մասնավորապես՝ տարակուսելին այն է, որ Հայաստանի պետական ինստիտուտների հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մեկը, ով իշխանությունը բռնազավթելուց ի վեր զբաղված է բացառապես պետականաքանդությամբ՝ ՀՀ պետական ինստիտուտները հողին հավասարեցնելով: Ինչպե՞ս է նա դա անում: Շատ պարզ ձևով՝ խիստ պատասխանտու պաշտոնների է նշանակում մարդկանց, որոնք այդ պաշտոնների հետ ոչ մի բնական կամ արհեստական կապ ի սկզբանե չեն կարող ունենալ: Սա փորձված տեխնոլոգիա է:

Հարց՝ եթե Բաքվին դիմակայելու հարցում պետական ինստիտուտների կայացվածության հանգամանքը խիստ էական է, ապա ինչո՞ւ է ճիշտ հակառակ քաղաքականությունը տարվում՝ խորացնելով հայոց պետականության ճգնաժամը: Հետևություն՝ Նիկոլը Բաքվին դիմալայելու ոչ մի նպատակ էլ չունի, իսկ նրա պոպուլիստական հայտարարություններն ընդամենը շղարշ են՝ մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնելու», սեփական իշխանությունը երկարաձգելու, որ հանկարծ պլանավորվածից շուտ չբացահայտվեն ՔՊ-ական բանդայի իրական նպատակները. գործը գաղտնիություն է պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել