Ամերիկայի ռևերանսը՝ Էրդողանին

Մինչ արևմտյան գրանտներով ընտանիք կերակրող հայաստանյան հանրույթը, Լաչինի միջանցքի շուրջ ստեծված իրավիճակից օգտվելով, Հայաստանին կոչ է անում թքել ՀԱՊԿ-ի վրա ու վերջնականապես կողմնորոշվել դեմի Արևմուտք՝ վստահեցնելով, որ ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման դեպքում ԱՄՆ-ն Թուրքիայի հետ իր ունեցած ընդհանուր շահերը կստորադասի հայ ժողովրդի շահերին՝ խոչընդոտելով ՆԱՏՕ-ական այդ երկրին ծավալվել դեպի արևելք, պարզվում է՝ ԱՄՆ կոնգրեսը վերանայել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ իր հաշվետվության տեքստը՝ դրանից բացառելով Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի արտաբերման վերաբերյալ նախադասությունները, ինչպես նաև բացառվել է այնպիսի բառակապակցությունների կիրառումը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Շատերը կհիշեն այն ֆուռորը, որ բարձրացրել էին Հայաստանում Արևմուտքի մանկլավիկները՝ կապված Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստի հետ՝ հայտարարելով, որ Ամերիկան այդ քայլին գնացել է՝ բացառապես ելնելով հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր ջերմ զգացմունքներից: Մինչդեռ մի փոքր խելք ունեցողներին պարզից էլ պարզ էր, որ այդ քայլին ԱՄՆ-ն գնացել էր՝ Էրդողանին սաստելու ու ռուս-թուրքական մերձեցման առաջն առնելու. Թուրքիան դարձել է կռվախնձոր հզորների համար, ուստի բնական է, որ ԱՄՆ-ն կարող էր շահարկել Ցեղասպանության հարցը՝ Թուրքիային իր դաշտ բերելու, ինչն էլ, ի դեպ, ստացվեց: Կապված ուկրաինական իրադարձությունների հետ՝ Թուրքիան հիմա է՛լ ավելի է մեծացրել իր նշանակությունն աշխարհաքաղաքական բևեռների համար, և նրանցից ամեն մեկը փորձում է Էրդողանին սիրաշահել: Կոնկրետ այն, որ «ցեղասպանություն» տերմինը հանվել է շրջանառությունից, նշանակում է՝ ԱՄՆ-ի համար Թուրքիայի նշանակությունը բավական էական է դարձել. Վաշինգտոնը, ըստ երևույթին, մտադրվել է Անկարային հանել Մոսկվայի դեմ, իսկ թե կոնկրետ ինչպես, կերևա թերևս առաջիկայում:

Շատերը տարօրինակ են համարում այն, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արևմուտքից հնչող գնահատականներին չեն հետևում ռեալ գործողություններ: Իրականում չեն էլ հետևելու, քանի որ Արևմուտքի համար Թուրքիան ունի ահռելի նշանակություն, իսկ արցախյան ճգնաժամի հիմքերում կանգնած է հենց Անկարան, որը փորձում է հզորացնել Ադրբեջանը՝ այն իրեն կցելու հեռանկարով: Այլ կեպ ասած՝ արցախյան հարցը Արևմուտքի կամ նույն ԱՄՆ-ի համար մանրադրամ է՝ Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական առևտուրն առավել շահավետ պայմաններով իրականացնելու համար:

Բայց արդյոք պե՞տք է որևէ մեկից նեղանալ, երբ Հայաստանը դեռևս ՔՊ-ական է,իսկ Նիկոլն էլ՝ վարչապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել