Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի իշխանությունները պատրաստվում են հեշտացնել դեռահասների համար ծննդյան վկայականում իրենց սեռը փոխելու ընթացակարգը, գրում է Daily Mail-ը:
Ներկայումս, եթե նահանգում մարդիկ ցանկանում են փոխել իրենց ծննդյան վկայականում նշված սեռը, պետք է ենթարկվեն վիրահատության: Այնուամենայնիվ, նահանգային լեյբորիստական կառավարության նոր ծրագրերը, որոնք, ըստ ամենայնի, հեշտությամբ կընդունվեն, կհանեն վիրահատության պահանջը: Օրենքի ընդունումից հետո Նոր Հարավային Ուելսը կմնա երկրի միակ նահանգը, որը դեռևս պահանջում է վիրահատություն կատարել նախքան ծննդյան վկայականում սեռը փոխելը:
Քուինսլենդը նախատեսում է նաև թույլ տալ, որ նորածինների ծնողներին իրենց երեխայի փաստաթղթերում որևէ սեռ չնշեն: Եթե նոր ծրագրերն ընդունվեն, ուժի մեջ կմտնեն նաև մի քանի այլ փոփոխություններ։
Օրինակ՝ 16 տարեկանից բարձր երեխաները շուտով կկարողանան օրինականորեն ինքնորոշվել որպես այլ սեռի ներկայացուցիչ՝ առանց ծնողների թույլտվության, քանի որ անհրաժեշտ կլինի միայն աջակցող հայտարարություն մեծահասակի կողմից, որը ճանաչում է նրանց առնվազն մեկ տարի:
Մինչդեռ 12-ից 15 տարեկան երեխաների դեպքում ծննդյան վկայականում սեռը փոխելու համար կպահանջվի ծնողների թույլտվությունը։ Այնուամենայնիվ, նրանք կկարողանան դիմել դատարան, եթե ծնողներն իրենց չաջակցեն այդ հարցում։