Ինչ-որ կերպ փորձելով ապացուցել, որ Նիկոլի արտաքին քաղաքականությունը սնանկ չէ՝ ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը համոզմունք է հայտնել, որ Հայաստանին միջազգային հանրությունը սատարում է: Ըստ Սոնիկի՝ ժողովրդավարական պետությունները միմյանց աջակցելու միջավայրում են գտնվում, ժողովրդավար պետութուններին շատ ավելի հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում, թե ինչպիսի աջակցության կարիք ունի Հայաստանը որպես ժողովրդավար կղզյակ. ԵՄ երկրները պատրաստ են ժողովրդավար Հայաստանին աջակցել ընդդեմ ավտորիտար ադրբեջանի:

Սոնիկն ակնհայտորեն իր իսկ կողմից հորինված կղզյակում է բնակվում՝ ամբողջությամբ չընկալելով, թե ինչ է գետնի վրա ու ռեալ ժամանակում կատարվում: Իսկ կատարվում է այն, որ ազգովի ևս մեկ անգամ ստիպված ենք լինում համոզվել, որ Նիկոլի Հայաստանի վրա բոլորը, խոշոր հաշվով, թքած ունեն. Լաչինի միջանցքը մեկ ամսից ավել է՝ փակ է, Հայաստանը շարունակում է թախանձել օգնություն ու ճնշում Ադրբեջանի նկատմամբ, բայց կոնսոլիդացված Արևմուտքը կամ նույն ԵՄ-ն ոչ մի գործուն քայլ այդ ուղղությամբ չեն անում, ու հայերով ստիպված ենք լինում բավարարվել ասենք կա՛մ ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանից հնչող ոչ ադրբեջանահաճո հայտարարություններով, կա՛մ էլ եվրոպացի առանձին պաշտոնյաների, պատգամավորների շուրթերով արտաբերվող սիրո խոստովանություններով, որոնք գործնականում ոչ մի ազդեցություն չեն թողնում իրավիճակի վրա:

Հարց՝ հաստապռոշ Սոնիկին՝ բա եթե Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է, իսկ աշխարհն էլ դա կարևորում է, ինչո՞ւ է ասենք շիկահեր Ուրսուլան Իլհամին փաստացի իր եղբայրը հռչակում՝ Բաքվին համարելով համարյա ռազմավարական դաշնակից՝ էներգետիկ հարցերում: Եթե ժողորդավարական Հայաստանը թանկ է Արևմուտքի համար, բա Պրահայում ինչո՞ւ է Արևմուտքը Հայաստանին Ադրբեջանի երազանքի փաստաթուղթը պարտադրում՝ Նիկոլին ռուսների դեմ «շիրա տալով»: Հատկապես որտե՞ղ է, ո՞ր դրվագում է արտահայտվում ժողովրդավարական աշխարհի աջակցությունը՝ «ժողովրդավար» Հայաստանին, Երևանին ինքնասպանության տանե՞լն է աջակցություն, թե՞ Սոնիկի համար Հայաստանն ու Նիկոլի աթոռը լրիվ նույնական են,ու եթե արևմտյան երկրների դեսպանատները բռնապետ Նիկոլին հռչակում են որպես ժողովրդավար, դա արդեն հերիք է՝ Սոնիկին բավարարելու համար:

Չլիներ 2018-ի ողբերգությունը, Հայաստանն ու Արցախն այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեին՝ ընդունակ սեփական անվտանգությունն ինքնուրույն պաշտպանելու, որը միակ ճանապարհն է՝տեղ ունենալու այս արևի տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել