«Հայաստանում կան էսօր էլ քաղաքական ուժեր, որ գտնում են, որ պետական շահը վեր է մարդու շահերից: Այսինքն՝ նրանք մարդուն դիտում են, կոպիտ ասած, որպես զոհաբերելու առարկա: Դա չի կարելի հանդուրժել՝ նման մտածողությունը. մարդը չէ պետության համար, պետությունն է մարդու համար»,-հայտարարել է Խաչատրյան Վիգենը՝ հայտնելով, որ ինքը նման մտքի է հանգել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժականակին արգելված գրականությանը ծանոթանալուց հետո:

Սովետի փլուզումից հետո արագորեն գունափոխված այս քամելեոնը չափազանց վտանգավոր թեզ է առաջ քաշել, որը կոնկրետ Հայաստանի պետականության համար կարող է կործանարար լինել: Խնդիրն այն է, որ Վիգենի մատնանշած թեզը կարող է կենսունակ լինել բացառապես խաղաղ երկրների համար՝ օրինակ՝ նույն Արևմուտքի՝ աշխարհամաս կամ քաղաքակրթություն, որը հիմնավորապես լուծել է սեփական անվտանգային խնդիրները՝ դառնալով մոլորակի գլխավոր գիշատիչը:

Մինչդեռ Հայաստանի նման երկրների համար, որոնք շարունակաբար բախվում են անվտանգային խնդրին, չեն լուծել գոյաբանական մասշտաբներ ընդունած այդ սպառնալիքը, Վիգենի փիլիսոփայությունը խորտակիչ կարող է լինել՝ հանգեցելով ազգի բնաջնջմանը:

Իսկ թե կոնկրետ ինչ հետևանքներ կարող է նման աշխարհայացքն ունենալ Հայաստանի համար, ի ցույց դրվեց 44-օրյա պատերազմում, երբ Նիկոլը, թղթով ավելի մեծ տարածքներ զիջելով թշնամուն, քան վերջինս գրավել էր մարտի դաշտում, հայտարարեց, որ այդ քայլին է գնում՝ փրկելու համար 25000 հայորդու կյանք: Ճիշտ է՝ հետո այդ թիվը սկսեց մեծանալ՝ Նիկոլի ճամարտակությունն ավելի համոզիչ դարձնելու համար, բայց խնդրի էությունը դրանից չփոխվեց: Ի դեպ՝ իրականում Նիկոլի գլխավոր նպատակը սեփական աթոռի անձեռնմխելիության երաշխավորումն էր, որի վերաբերյալ խոստում նա ստացել էր Արցախի կործանման դիմաց: Այս առումով Նիկոլին լիովին կարելի է համարել վիգենխաչատրյանական «հայրենասիրության» լիարժեք կրող, որ սեփական օրինակով է ցույց տվել դրա իրական էությունը:

Վիգենի թեզը իրական հայրենասիրությանն ուղիղ հակառակ թեորիա է, որի մշակողները ի սկզբանե նպատակ են ունեցել՝ սպասարկելու գլոբալիզմի օրակարգը, որի հիմքում ընկած է անգլոսաքսոնական շահերի սպասարկումը: Ի դեպ՝ հենց նույն շահերն են սպասարկում նաև ՔՊ-ական վիգենները, ինչն էլ հասկանալի է դարձնում գլխավոր Վիգենի այսօրինակ զեղումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել