Հիմնավորելու համար իր այն տեսակետը, թե իբր Հայաստանը չունի այլընտրանք, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, ինչը, բնականբար, ենթադրում է Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ Բաքվի պնդումների աներկբա ընդունում ու Արցախից մեկընդմիշտ հրաժարում, Նիկոլն ասուլիսում հայտարարել է. «Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք… մենք տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում… նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը դնել զոհասեղանի վրա։ Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս… մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, բայց դա չի նշանակում, որ մենք խաչ ենք քաշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հարցերի վրա, դրանք շատ կարևոր հարցեր են և պետք է հասցեագրվեն։ Բայց այդ հասցեագրման հասցեատերը պետք է լինի ԼՂ ժողովուրդը»:

Նիկոլը «հասցեագրում» եզրույթը, շատերը նկատած կլինեն, վերջերս բավական հաճախ է օգտագործում իր լեքսիկոնում՝ ամբողջությամբ աղավաղելով այդ բառի իմաստն ու նշանակությունը, այն մեկնաբանելով սեփական՝ թուրքական փիլիսոփայության տեսանկյունից: Այս անգամ ևս նա ուղղակի բռնաբարել է այդ բառը՝ սեփական ուղերձը համեմելով իլհամասիրության տարրերով:

Նիկոլը բացահայտորեն խաբում է. Հայաստանը աշխարհաքաղաքական զոհասեղանին հայտնվեց ճիշտ այն պահից, երբ 2018-ին տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը՝ Նիկոլի «հեղափոխությունը», որ պետք է զրոյացներ երկրի սուբյեկտայնությունն ու կազմաքանդեր պետության հիմքերը՝ Իլհամի հաղթարշավը հնարավորինս սահուն դարձնելով: Դեռ Ուկրաինայից առաջ է Հայաստանը վերածվել աշխարհաքաղաքական մարտադաշտի, որտեղ ընթացող պատերզմի վերջը, ցավոք, դեռ չի երևում:

Նիկոլի վերոհիշյալ հայտարությունը, որի նպատակը հայ հանրությանը, բայց հատկապես արցախցիներին խաբելով համոզելն է՝ սեփական ապագայից հրաժարվելու, ուղիղ կերպով ջուր է լցնում Իլհամի ջրաղացին այն էլ մի շրջանում, երբ ծայրահեղ բարդ իրավիճակ է Արցախում, իսկ Իլհամն էլ կոչ է անում արցախահայերին կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանալ սեփական հայրենիքից:

Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում Նիկոլի այն հայտարարությունը, թե ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հասցեատերը պետք է լինի ԼՂ ժողովուրդը: Այսինքն՝ ԼՂ ժողովրդի բարի կամքի՞ց է կախված սեփական անվտանգության հարցը, թե՞ ասենք Նիկոլից ու Իլհամից կամ գուցե մեկ այլ երկից: Ո՞ր երկրների ղեկավարների ստորագրություններն են դրված նոյեմբերի 10-ի հայտարարության տեքստի տակ, Արայիկ Հարությունյանի՞, թե՞ ասենք Ռուբեն Վարդանյանի: Եթե Արցախին ՀՀ իշխանությունները կատարելապես զրկում են որևիցե սուբյեկտայնությունից՝ արցախահայերի խնդիրները, ըստ էության, հռչակելով՝ Ադրբեջանի ներքին խնդիր ու դրանով իսկ կրկնելով ազերիական նողկալի քարոզչական թեզերը, արցախահայությանը սեփական գոյության խնդրի հասեցագրումն ինչպե՞ս կարող է տեղի ունենալ:

Նիկոլի ասուլիսը սրիկայության հերթական նոպան էր, որի ընթացքում հնչած թեզերը նույնքան հայատյաց են, որքան՝ թուրքական կայսերապաշտական երազանքները: Նիկոլը հենց այդ երազանքների ռեալիզացման գործին է կպած ծառայում՝սկսած այն պահից, երբ սկսեց հանրային խոսք հնչեցնել, քիչ թե շատ ճանաչելի դեմք լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել