«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է Թուրքիայի նպատակի մասին:
«Պետք է կույր լինել չտեսնելու համար, թե Թուրքիան ինչու է դա անում: Սա թուրքական ապրանքների էքսպանսիայի համար է արվում: ՀՀ-ում արդյո՞ք դա չեն տեսնում: Եթե ոչ, ապա ոչ միայն ղեկավար, այլև հայ ու մարդ կոչվելու իրավունք չունեն: Այդ հավկուրությունը կործանարար է ոչ միայն իրենց, այլև ամբողջ ժողովրդի ու պետության համար: ՀՀ տնտեսությունը պատրա՞ստ է դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիային: Չմոռանանք, որ մեր հարևան երկրների մեջ տարածաշրջանում Թուրքիան ամենահզոր տնտեսությունն է կառուցել»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով նաև այս առումով առկա հասարակական անտարբերությունը:
Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական խնդիրներին: Տնտեսագետը նույն Թուրքիայի հետ բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները նաև այդ համատեքստում հիշատակեց: «Այս տեսանկյունից խնդիրը ոչ միայն քաղաքական և հումանիտար աղետի համատեքստում, այլև տնտեսական անվտանգության շրջանակում պետք է դիտարկել: Հենց այս օրերին Թուրքիայի հետ հարաբերությունների, այսպես կոչված, բարելավման փորձեր են արվում: Հենց այդ համատեքստում պետք էր դիտարկել ընդհանուր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորությունը, եթե, իհարկե, կա տարրական գրագիտություն և գոնե ազգային շահի գիտակցում: Հարցը պետք էր ավելի լայն դիտարկել: Իհարկե, շրջափակման խնդիրը մեկ օրում չի առաջացել, ոչինչ հեշտ չէ, բայց նաև կարելի էր որոշակի երաշխիքներով ու փոխադարձ պայմանավորվածություններով բացել Բերձորի միջանցքը: Կարծում եմ՝ ջանք գործադրելու դեպքում հնարավոր կլիներ: Ընդամենը արհեստավարժություն, ազգային շահի գիտակցում էր պետք, որոնք, բացառությամբ Հայաստանի, մեր բոլոր հարևան երկրներն ունեն: Քաղաքական դիվանագիտությունը մեծ դեր ունի, բայց պաշտոնական Երևանից երկչոտ, ամաչկոտ մեկ-երկու մեղադրանքներ են հնչել: Այդպիսի ամաչկոտ մեղադրանքներով որևէ մեկը ստիպված չի լինում խնդիր լուծել»,-ասաց Թ. Մանասերյանը:
Նա շեշտեց, որ պետք էր օգտագործել նաև ժողովրդական դիվանագիտությունը. «Իսկ քաղաքական դիվանագիտության համատեքստում մեր 120 հազար եղբայրների ու քույրերի կյանքի խնդիրը պետք է այնպես մտահոգեր, որ ո՛չ կառավարության, ո՛չ էլ մասնավորապես ԱԳՆ-ի աշխատասենյակներում մարդ չպետք է նստեր: Բոլորը պետք է հստակ գործի լծվեին»: Տնտեսագետը նշեց, որ մյուս կարևոր խնդիրը տնտեսական բաղադրիչն է: «Ես մշտապես հանդես եմ եկել տնտեսական դիվանագիտությունը Հայաստանում կայացնելու և դրանով բազմաթիվ խնդիրներ հանգուցալուծելու դիրքերից: Նույն տեսակետն ունեմ նաև այսօր: Բայց, ցավոք, ներկայիս իշխանությունները բացի նրանից, որ գաղափար չունեն տնտեսական դիվանագիտության մասին, գործընթացներում անգամ բանիմացներին ներգրավելու քայլ չեն կատարում: Այս փուլում հատկապես պետությունը պարտավոր է իր բոլոր ռեսուրսներն օգտագործել, որ հնարավոր լինի «փորձված աղվեսների», փորձված դիվանագետների ու փորձագետների հետ իրենց լեզվով խոսել»: Ինչ վերաբերում է Արցախի շրջափակումից բխող տնտեսական խնդիրներին՝ նա նշեց, որ տնտեսությունը դեռ մինչ այս էր բոլոր ուղղություններում տուժել՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմը, դրա հետևանքները:
«Հիմա ամենակարևորը պարենային ճգնաժամն ու սովն են, որոնք վրա են հասնում: Բացառություն հանդիսացող ոլորտներ, մեծ հաշվով, չկան: Բոլոր առումներով աղետ է, և աղետի ժամանակ չենք կարող խոսել զուտ տնտեսական ազդեցության մասին: Այստեղ ոչ թե տնտեսության այս կամ այն հատվածի կամ ոլորտի, այլ կյանքի խնդիր է դրված: Իսկ աղետն իր պահանջներն ունի. այն պետք է կարողանաս հանգուցալուծել օպերատիվ գործողություններով: Երբ ասում ենք Արցախ, պետք է հասկանալ նույն տնտեսական զարգացման հնարավորությունները, որոնք ունի ՀՀ-ն, և տարանջատել չի կարելի: Ավելին՝ ՀՀ-ն այս տարիների ընթացքում հացահատիկի ու բազմաթիվ այլ կուլտուրաների գծով ուղղակի սնուցվում էր Արցախից: Միայն տարածքների կորստով կամ ժամանակավոր կորստով չպետք է պայմանավորել վնասները: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այսօր էլ բազմաթիվ հնարավորություններ ունենք, որոնք կարող ենք իրացնել: Բայց մինչ այդ նախ պետք է սկսել ամենապարզ քայլերից՝ ազգային շահերն իրացնելուց, թույլ չտալ, որ մեր եղբայրներն ու քույրերը շրջափակման մեջ լինեն: Ամենածանր հարվածն անտարբերությունն է, որը տիրում է ՀՀ-ում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մի քիչ ավելի պահանջատեր լինի:
«Յուրաքանչյուր քաղաքացի իր հարկերով սնվող ու ապրող իշխանիկներին պատասխանատվության, հաշվետվողականության դաշտ պետք է բերի և հարցնի, թե մեր հարկերով ստացվող աշխատավարձերն ու պագևավճարներն ինչ են անում»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: