Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանը տապալում է խաղաղության շուրջ բանակցությունները և ամեն կերպ փորձում Ղարաբաղի հարցը ներառել Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթղթում։

Հայտնում է Ազատությունը։

«Հայաստանը պետք է որոշում ընդունի, և ըստ էության արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են Պրահայում, իսկ հետո՝ Սոչիում անցած տարվա հոկտեմբերին։ Հղումը տարածքային ամբողջականությանն ու Ալմա Աթայի հռչակագրին առավել քան հստակ ասում է, որ նրանք (հայերը) ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա մեր հաջողությունն է, որովհետև Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», -ասել է Ալիևը։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե ասելով ա-ն, Հայաստանը հրաժարվում է ասել բ-ն։

«Նրանք ամեն կերպ ուզում են Ղարաբաղի հարցը խցկել խաղաղության պայմանագրի մեջ և, ըստ էության, արգելափակում են բանակցությունները։ Եվ այն, որ նրանք անտեսեցին արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում՝ ինչ-ինչ իրադարձությունների պատճառով, ընդհանրապես անընդունելի է»,-ասել է Ալիևը, հիշեցնելով, որ սեպտեմբերին Հայաստանի վրա կատարված հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, մեկնել էր Պրահա։

«Նեղացածի դիրքը կարող է հարմարավետ լինել, բայց շատ վնասակար է երկրի ու մարդու համար։ Խղճահարություն առաջացնելը լավագույն բանը չէ քաղաքական գործչի զինանոցում, հատկապես, երբ դա ֆեյք է։ Կարծում եմ՝ այս տարին շատ բան կհստակեցնի», - ասել է Ալիևը՝ առանց հավելյալ մանրամասների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել