2022 թվականը մոտենում է ավարտին։ Այն Հայաստանի համար դժվարին եւ փորձություններով լի տարի էր՝ շարունակվող ցավի ու նոր կորուստների տարի: Եվ սպասվում է, որ գալիք 2023 թվականը եւս հարթ չի լինելու։ 

Իշխանությունները տարվա սկզբից հուսադրում էին, թե շուտով թեւակոխելու ենք խաղաղության դարաշրջան, որի մասին 2021-ին նախընտրական խոստում էին տվել, հավաստիացնում, որ մինչեւ տարեվերջ մեր դարավոր հարեւանների հետ խաղաղության պայմանագիր է կնքվելու։ 

Չնայած իրականությունն այլ էր՝ մղձավանջային: Որքան էլ Հայաստանի իշխանությունները թմբկահարում էին «խաղաղություն» տերմինը, Ադրբեջանն ավելի հաճախ էր խախտում հրադադարը, ոտնձգությունների գնում մեր սահմանների նկատմամբ, որոնք ավարտվում էին տարածքային եւ մարդկային կորուստներով․ տպավորություն է, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող զսպել պատերազմից հետո Ադրբեջանի բացված ախորժակը, եւ այդ երկիրը ոչ միայն Արցախն է ուզում, այլ նաեւ Հայաստանը։
Այդուհանդերձ, իշխանության ներկայացուցիչների՝ տարբեր ուղղություններով բանակցությունները՝ գոնե տարեսկզբին, որոշակի հույս ներշնչում էին: Օրինակ, որ 21-րդ դարում քաղաքակիրթ մարդկությունը թույլ չի տա նոր ցեղասպանություն եւ կզսպի Ադրբեջանին՝ գտնելով խնդրի բանալին։ 

Բայց աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում հայտնված մեր պետության խնդիրներն այդպես էլ չլուծվեցին, քանի որ գերտերություններին առավելապես իրենց շահն է հետաքրքրում, իսկ պետական շահ չհետապնդող Հայաստանի իշխանությունները վտանգավոր սիրախաղ սկսեցին մե՛կ Արեւմուտքի, մե՛կ Ռուսաստանի հետ, մե՛կ առաջինի, մե՛կ երկրորդի գիրկը նետվելով ու խանդի տեսարաններ բեմադրելով, ինչի արդյունքում, ըստ էության, մերժվեցին բոլոր կողմերից։ Եթե ամփոփ՝ ապա Արեւմուտքի առաջարկը հետեւյալի մասին է՝ Ադրբեջանն ու Հայաստանը կնքում են խաղաղության պայմանագիր՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի տարածքային մաս, ինչին դեմ է Ռուսաստանը եւ առաջարկում է, որ կնքվելիք փաստաթղթում Արցախի հարցի լուծումը թողնվի հետագային, քանի որ փակելով Արցախի հարցը՝ ըստ էության, Ռուսաստանը դուրս է մղվում Հարավային Կովկասից, քանի որ այլեւս խաղաղապահ առաքելության կարիք չի լինի։

Հաշված օրեր են մնացել 2022-ի ավարտին, եւ կարող ենք փաստել, որ տապալվել է իշխանությունների խաղաղության օրակարգը, կողմերը չեկան ընդհանուր հայտարարի․ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպայի միջնորդական առաքելությունը պտուղներ չտվեց, ու թղթի վրա մնաց խաղաղության պայմանագիրը: Ավելին՝ բանակցությունները կարծես մտել են փակուղի, ինչի մասին է վկայում Բրյուսելում կայանալիք վերջին տապալված հանդիպումը․ դեկտեմբերի 7-ին պետք է տեղի ունենար Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ հանդիպում, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, թե այն չեղարկվում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Բացի այդ՝ դեկտեմբերի 26-27-ին էլ Պետերբուրգում պաշտոնական հանդիպում չկայացավ Փաշինյան-Ալիեւ-Պուտին ֆորմատով։

Այսինքն, Շառլ Միշելի քավորությամբ 2022 թվականի կտրվածքով 4 հանդիպում է տեղի ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ։ Վերջինը Պրահայում էր՝ հոկտեմբերի 6-ին, որին նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր մասնակցում։ Հենց այս հանդիպման ժամանակ էլ կողմերը վերահաստատել էին 1991 թվականի Ալմա-Աթայի պայմանագիրը՝ միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու մասին։ Այդ համաձայնագիրը 90-ականների ՀՀ Գերագույն խորհուրդը թեպետ ընդունել էր վերապահումներով՝ Արցախի հարցում բացառություն անելով, սակայն ՀՀ իշխանություններն ի դեմս Փաշինյանի հայտարարեցին, թե դեռ նախկիններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն է՝ Արցախը դիտարկել են Ադրբեջանի կազմում։ Պրահային հաջորդեց Սոչիի հանդիպումը, որտեղ տորպեդահարվեցին նախորդ հանդիպման պայմանավորվածությունները։ Պուտինի քավորությամբ այդ վերջին հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է պայմանագրի ռուսական տարբերակին։ 

Վերադառնալով Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպումներին՝ նշենք, որ մյուս երեք հանդիպումները կայացել են 2022թ. ապրիլի 6-ին եւ 2022-ի մայիսի 22-ին: Խոշոր հաշվով՝ այդ հանդիպումներն ու պայմանավորվածությունները միշտ ընթացել են ի վնաս Արցախի եւ Հայաստանի՝ մեզ չբերելով որեւէ հիշարժան արդյունք, դրական ազդեցություն կամ ցանկալի փոփոխություն: Փոխարենը ունեցել ենք տարածքային կորուստներ, սահմանային ցավալի միջադեպեր եւ այլ ձախողումներ, որոնք, ցավոք, շարունակական են։

Փաստն այն է, որ նմանօրինակ ձեւաչափի հանդիպումների արդյունքում պատրաստվող փաստաթղթերում, որպես կանոն, տեղ են գտնում ադրբեջանական թեզերին համահունչ ձեւակերպումներ, դիցուք՝ «Ղարաբաղ» բառը դուրս եկավ գործածությունից։ Տպավորություն է, թե ՀՀ իշխանություններն օր առաջ ուզում են ազատվել Արցախից, բացել «խաղաղության դարաշրջան»՝ սին պատրանքներ ունենալով, որ միայն Արցախից ազատվելով կարող են լավ ապրել՝ չհասկանալով, որ Ադրբեջանն ամբողջատիրական նկրտումներ ունի նաեւ Հայաստանի հարցում։ 
Սեպտեմբերտասներեքյան հարձակումն ասվածի ապացույցն է, միայն այդ էսկալացիայի հետեւանքով ՀՀ սուվերեն տարածքից ավելի քան 100 ք/կմ տարածք կորցրինք։

Պրահայի հանդիպման ընթացքում Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: 

Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ` այնքանով, որքանով որ այն առնչություն կունենա իր հետ: Առաքելությունն իր աշխատանքները սկսեց հոկտեմբերին՝ երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակն էր՝ վստահության կառուցումը կողմերի միջեւ եւ իր զեկույցների միջոցով սահմանազատման հանձնաժողովներին աջակցելը: Սակայն դիտորդների ներկայությունն անգամ չզսպեց Ադրբեջանին, եւ շաբաթը մի քանի անգամ ՊՆ-ն իրազեկում էր հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքների մասին։

Եռակողմ հանդիպումներից բացի, Փաշինյանը երկու հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Չորս հանդիպում էլ տեղի է ունեցել ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Ուշագրավն այն է, որ դրանք նախաձեռնվում էին Փաշինյանի` բրյուսելյան այցերից հետո, ինչով ՌԴ-ն ցույց էր տալիս, որ չի պատրաստվում զիջել տարածաշրջանում իր դիրքերը եւ խմբագրում կամ տորպեդահարում է արեւմտյան պայմանավորվածությունները։ Կարճ ասած՝ խաղաղության պայմանագիր խոստացող Փաշինյանը վերջին շաբաթներին քանիցս գուժեց նոր պատերազմի մասին, իսկ խաղաղության երկրորդ կողմ Ադրբեջանը երրորդ շաբաթն է` փակել է Արցախ տանող միակ՝ կյանքի ճանապարհը։

Փաշինյանից բացի, միջնորդավորված հանդիպում-շփումների մեջ էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ղեկավարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովը։ Նոյեմբերի 3-ին Բրյուսելում Գրիգորյանը հերթական հանդիպումն ունեցավ Շահին Մուստաֆաեւի գլխավորած հանձնաժողովի հետ։ Սա նրանց երրորդ հանդիպումն էր, առաջինը մայիսին էր՝ Երասխի ուղղությամբ սահմանին, իսկ երկրորդը՝ օգոստոսի վերջերին՝ Մոսկվայում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան նաեւ հատուկ ներկայացուցիչներ են նշանակել երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ 

Հայաստանից հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է։ Թուրքիայի հատուկ բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է։ Նրանց առաջին հանդիպումը կայացավ այս տարվա հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, երրորդը՝ դարձյալ Վիեննայում, մայիսի 5-ին, օգոստոսին՝ կրկին Վիեննայում։ Վերջին հանդիպման առիթով Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրները տեղի ԶԼՄ-ներին փոխանցել էին, որ կողմերն այս տարի հեռախոսազրույց են ունեցել ավելի քան 500 անգամ։

ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ոչ միայն լուծված չէ, այլեւ ՀՀ իշխանավորներն իրենց հայտարարություններով բարդ ու վտանգավոր իրավիճակի առջեւ են կանգնեցրել մեր պետությանը․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով արտաքին խաղացողների թիվը մեծացավ, եւ սպասելի էր, որ բարդ ժամանակներ ենք ունենալու, այժմ շահերի բախումն ավելի ակնհայտ է դարձել»։ 

Նախկին դիվանագետն արձանագրեց, որ ռուս-ուկրաինական դեպքերը մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանային խնդիրների վրա, նման պայմաններում ինքը չէր էլ ակնկալում, որ դրական զարգացումներ կունենայինք․ «Բայց ինձ առավել շատ մտահոգեցին վերջին մեկ շաբաթվա փոխադարձ մեղադրանքները, որը մեր կողմից հնչեցրեց ԱԽ քարտուղարը, մյուս կողմից՝ անդրադարձավ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, որը փաստացի արտահայտեց նախագահի կարծիքը։ Վերջին 30 տարվա ընթացքում ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել քաղաքական անցուդարձին, բայց նման բան չեմ մտաբերում, որ Կրեմլը արձագանքի մեր գործադիր իշխանության նման արտահայտությանը։ Սա չափազանց վտանգավոր է եւ առիթներ է տալիս տարբեր եզրահանգումներ անելու։ Գուցե սա ներքին լսարանին է ուղղված, որ մեզ ճնշում են, եւ պետք է մտնենք միութենական պետություն։ Երկրորդ՝ Արեւմուտքին ցույց են տալիս, որ մեզ չմեղադրեք, եթե վաղը Ռուսաստանի ճնշումների տակ այդ քայլին գնանք։ Այս ամենից ակնհայտ է, որ իշխանություններն ավելի բարդ իրավիճակներ են ստեղծում, ավելորդ է խոսել ռուս-հայկական հարաբերությունների մասին։ Եթե այս ձախողումներին գումարենք Լաչինի փակումը, սեպտեմբերյան պատերազմը, ապա տարին փակում ենք ձախողումներով, տապալումներով»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել