Հայաստանի վետերանների աջակցության Veterans of Armenia հիմնադրամը հրատապ աջակցության ծրագիր է նախաձեռնել Հայաստանի սահմանամերձ այն շրջաններում, որոնք անմիջապես տուժել են սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումներից։ Աջակցության առաջին փուլով նախատեսված պարագաներն արդեն բաշխվել են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ապրող սոցիալապես ծանր պայմաններում գտնվող 60 ընտանիքների։ Առաջին օգտագործման պարագաներ, վառելափայտ, տաք ծածկոցներ, սնունդ, մթերք և այլն։
Երբ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումն արդեն ՀՀ հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, Veterans of Armenia հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արագ որոշում կայացրեց՝ սեփական միջոցներից 50.000 ամերիկյան դոլար հատկացնել այս նոր հարձակումից տուժած մեր հայրենակիցներին աջակցելու ծրագրերի համար։ Այնուհետև համացանցային դրամահավաք հայտարարեցին, որի շրջանակում հավելյալ ևս 50.000 դոլար հավաքվեց։ «Ընդհանուր թվով 100.000 ամերիկյան դոլար, հետագայում՝ մի գուցե նաև ավելին մենք կհատկացնենք սեպտեմբերի 13-ին ու դրան հաջորդած օրերի ընթացքում տուժած մեր հայրենակիցներին,-ասում է հիմնադիր խորհրդի անդամ Ֆրեդ Սարգսյանը։- Ցավոք սրտի այս անգամ ևս մենք ունեցանք զոհեր, հարյուրավոր տեղահանված ընտանիքներ, վիրավորներ... Հիմա էլ եղանակային ցուրտ պայմաններ են, մենք այս ձմեռային աջակցության ծրագրով փորձում ենք գոնե սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին հասնել առաջին փուլում։ Տեղում ունենք մեր ներկայացուցիչները, ովքեր մանրակրկիտ ուսումնաիսրում են, հետաքրքրվում և նրանց շնորհիվ էլ կազմակերպվում են աջակցության ծրագրի արդեն հաջորդ փուլերը»։
View this post on Instagram
Veterans of Armenia հիմնադրամի աշծատանքները սկսվել են Արցախի 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից։ Պատերազմի հետևանքները վերացնելու, վետերաններին և նրանց ընտանիքներին օգնելու համար մինչև այսօր հիմնադրամն ակտիվորեն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք առանձին ուղղություններով հարյուրավոր վետերանների օգնել են ինչպես ֆիզիկական և հոգեկան առողջության վերականգնման, այնպես էլ նրանց սոցիալական կարիքների բավարարման հարցերում։ Հատկանշական է, որ Veterans of Armenia- Հայաստանի վետերանների աջակցության հիմնադրամն իր թափանցիկության, պարբերական հաշվետվությունների և վստահության բարձր ցուցանիշի համար արժանացել է Guidestar Platinium Seal of Transparency համաշխարհային բարձր պարգևին, որը տրվում է հիմնադրամներին՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի թափանցիկությունն ու հանրության վստահությունը։