1in.am-ը գրում է.

Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը երկտողով հրազատներին տեղեկացրել է, որ իրեն լավ է զգում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հակոբի հորեղբայրը` Սուրեն Ինջիղուլյանը նշեց, որ երկտողն իրենց մոտ չէ, այլ Կարմիր խաչի գրասենյակում: «Առանձնապես ոչինչ գրված չէ: Լավ եմ, ու վերջ: Ձեռագիրն ասում են` իրենն էր, հաստատ չեմ կարող ասել»,- ասաց նա: Ինջիղուլյանի հարազատներին Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ երկտող էր հանձնվել, հարազատներն էլ, իրենց հերթին, նամակ էին փոխանցել Հակոբին: Վերջինիս ծնողները շարունակ մտածմունքների մեջ են, բայց հույսը չեն կտրում: «Եթե Կարմիր խաչը քայլեր չձեռնարկի, գյուղացիներով կհավաքվենք, բողոքի ցույց կանենք, բայց ինձ թվում է, որ պիտի աշխատի այս տարբերակը»,- նշում է Սուրեն Ինջիղուլյանը: 

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ԼՂ ՊԲ շարքային զինծառայող, 1991 թ. ծնված Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը` հայտնվելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Հակոբին մեկ օր անց տեղափոխել են Բաքու: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն օգոստոսի 20-ին հանդիպել են Ինջիղուլյանի հետ, նրան փոխանցել ընտանիքի կողմից ուղարկված երկտող, ինչպես նաև նրա երկտողը փոխանցել ընտանիքին: Հակառակորդը համացանցում տարածել է տեսանյութ, որում Հակոբ Ինջիղուլյանը հայախոս ադրբեջանցի հաղորդավարի հետ զրույցում հայտարարում է, որ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր: 

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել է, թե վճիռ կայացնողը ինքը` Հակոբն է. եթե նա որոշի հայրենիք վերադառնալ, ապա Ադրբեջանի Հանրապետությունն այդ հարցում նրան կօգնի: 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատել է ՊՆ դիրքորոշումը՝ անկախ Հակոբ Ինջիղուլյանի կողմից արվող հայտարարություններից` նա կարող է անկաշկանդ վերադառնալ Հայաստան: Հայրենիքում նրան հետապնդում չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել