Արդեն մի քանի օր է` լրատվական դաշտում լուրեր են պտտվում ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի` Գերմանիա դեսպանական առաքելության մեկնելու վերաբերյալ: Բնականաբար, ինչպես և պիտի ենթադրել, այս լուրն արժանացավ բավականին լայն քննարկումների, ու նույնիսկ ասպարեզ իջեցվեցին սկանդալային-սենսացիոն տեսակետներ ու կարծիքներ: Ի վերջո մի քանի օր սպասելուց հետո խոսեց, այսպես ասած, գործի հերոսը` Վահան Հովհաննիսյանը` հայրենի դաշնակցական yerkir.am-ին տալով մեկնաբանություններ խնդրո առնչությամբ: Մեկնաբանությունը շատ կողմերով կանխատեսելի էր, և եթե Վահան Հովհաննիսյանի կողմից էլ չհնչեցվեր, միևնույնն է, բոլորին էլ այդ կարծիքները հայտնի էին: Սակայն կա մի քանի ուշագրավ կետ, որոնց հարկ է անդրադառնալ: Փաստորեն, ստացվում է, որ հայ ավանդական կուսակցության առանջորդներից մեկը ստանում է դիվանագիտական առաքելության մեկնելու առաջարկ պետության կողմից, և կուսակցությունը դրան նայում է հանգի՞ստ և այն դիտարկվում է զուտ միայն որպես անձնական առաջարկ այն դեպքում, երբ ՀՅԴ-ն միշտ աչքի է ընկել ներկուսակցական արտակարգ կենտրոնացվածությամբ ու կարգապահությամբ: Ուրեմն ի՞նչ է կատարվում. կա՛մ այստեղ աշխատել է զուտ հայաստանյան ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքը, որը հասկանալի է այս պարագայում առանց փակագծեր բացելու, կա՛մ ՀՅԴ-ի հետ մի բան կատարվում է, ու ամեն բան կարգին չէ այս կուսակցության առողջական վիճակի հետ: Հիմա ո՞րն է իրականությունը Վահան Հովհաննիսյանի պարագայում, դեռ կերևա առաջիկայում: Թեև երրորդ տարբերակն էլ կա` կապված այն հանգամանքի հետ, որ հայ ավանդական այս կուսակցությունը որոշել է իրապես փոխել իր քաղաքական ուղեծիրը և այժմ դեռ միանգամից չի բացում խաղաթղթերը և թե՛ հասարակությանը, թե՛ իր անդամներին փորձում է աստիճանական ընտելացման եղանակով բացահայտել նոր իրականությունը: Ինչ էլ լինի, չպետք է բացառել, որ առջևում Մեծ եղեռնի 100-ամյա տարելից կա, ու դաշնակցական դեսպանը այս համատեքստում լավագույն թեկնածուն կարող է լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել