Թուրը հայտնի է դարձել մարդկությանը դեռևս Բրոնզե դարում: Առաջին թուրը պատրաստված է եղել պղնձից և հայտնաբերվել է ժամանակակից Պակիստանի տարածքում: Միջնադարում տարածվեց երկաթե և պողպատե թրերի մասսայական արտադրությունը: Դրանք հիմնականում օգտագործվում էին պատերազմներում: Ռազմիկներին սուսերամարտ էին սովորեցնում և այս կերպ նախապատրաստում նրանց մարտերի: Այս ժամանակաշրջանում բոլոր գեներալները, կայսրերն ու արքաները անձնական թրեր ունեին: Այս հոդվածում ներկայացված են տասը մահաբեր թրեր, որոնք պահպանվել են մինչ օրս:

10. Թոմոյուկի Յամասիտայի թուրը


Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թոմոյուկի Յամասիտան Ճապոնական կայսերական բանակի հրամանատարն էր: Նա հայտնի դարձավ Բրիտանիայի` Մալայայի և Սինգապուրի գաղութները նվաճելուց հետո: Նրան շուտով սկսեցին կոչել «Մալայայի Վագր» մականունով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Յամասիտայի հանդեպ գործ հարուցվեց: Նրան մեղադրում էին պատերազմական հանցագործությունների մեջ, որոնք տեղի էին ունեցել Սինգապուրում և Ֆիլիպիններում: Դա բավականին հակասական դատավարություն էր, որի արդյունքում որոշվեց մահվան դատապարտել Յամասիտային: Իր զինվորական գործունեության ընթացքում Յամասիտան մի թուր ուներ, որի շեղբը պատրաստվել էր թրերի հայտնի արտադրող Ֆուջիվարա Կանենագայի կողմից 1640-1680 թթ. ընկած ժամանակահատվածում: Դրա բռնակը վերանորոգվել էր 1900-ականների սկզբներին: Յամասիտան ստիպված էր հրաժարվել սամուրայական թրից, երբ իր զորքերի հետ 1945 թ. սեպտեմբերի 2-ին հանձնվեց: Գեներալ Մքարթուրը վերցրեց թուրը և հանձնեց այն Արևմտյան ռազմական թանգարանին: Այս թուրը համալրեց թանգարանի թրերի հավաքածուն:   

 

9. Սան Մարտինի կեռ թուրը

Խոսե դը Սան Մարտինը հայտնի արգենտինացի զորավար է, ով ապրել է 1778-1850 թթ.: Նա Հարավային Ամերիկայի` Իսպանիայի լծից ազատագրվելու պայքարում հարավային զորագնդերի առաջնորդն էր: Սան Մարտինը Հարավային Ամերիկայի հերոսներից և Պերուի առաջին պաշտպաններից մեկն է: Սան Մարտինի առաջնորդությամբ 1821 թ. հուլիսի 28-ին Պերուն պաշտոնապես անկախ ճանաչվեց: Սան Մարտինի ամենանվիրական ունեցվածքը իր սուրն էր, որը նա ձեռք էր բերել Լոնդոնում: Նա հիանում էր իր թրի կեռ շեղբով և կարծում, թե այն շատ հարմար է պատերազմական իրավիճակներում օգտագործելու համար: Հենց այս պատճառով էլ նա իր զորքերին նմանատիպ թրերով էր զինում: Սան Մարտինն իր մոտ պահեց կեռ թուրը մինչև կյանքի վերջ: Նրա մահից հետո այն հանձնվեց Արգենտինայի Հանրապետության գեներալ Խուան Մանուել դը Ռոսասին: 1896 թ.-ին թուրն ուղարկվել է Բուենոս Այրեսի պատմության ազգային թանգարան, որտեղ էլ այն գտնվում է մինչ օրս:   

 


8. Յոթշեղբանի թուրը


Փեկչեի դինաստիան մի հնամենի թագավորություն էր, որը գտնվում էր Կորեայի հարավ-արևմուտքում: 4-րդ դարում Փեկչեն իր ձեռքում էր կենտրոնացրել Չինաստանի և Արևմտյան Կորեայի գաղութների վերահսկողությունը: Այն Կորեայի երեք թագավորություններից մեկն էր: 372 թ.-ին Գեունչեգոյին ի նշան հարգանքի մի թուր նվիրեցին: Թրի երկարությունը կազմում է 74.9 սմ: Կենտրոնական շեղբից բացի այն ունի ևս վեց շեղբ: Այս թուրը նախատեսված է եղել ոչ թե կռվելու, այլ ծիսակատարությունների համար: 1870 թ.-ին Մասատոմո Քան անունով մի հոգևորական թրի վրա արձանագրություններ հայտնաբերեց: Դրանցից մեկում գրված էր, որ այս թրով կարելի է կռվել միանգամից 100 թշնամու դեմ, և որ այն պատրաստված է ամուր պողպատից: Ներկայումս թուրը պահվում է Ճապոնիայի Նառա պրեֆեկտուրայի Իսոնոկամի սրբավայրում:

 

 

 

 

 

7.  Վոլեսի թուրը

Վիլյամ Վոլեսը շոտլանդացի ասպետ էր, ով ապրել է 1272-1305 թթ.: Վիլյամ Վոլեսը հայտնի է Շոտլանդիայի անկախության պատերազմում Անգլիայի դեմ իր կազմակերպած ապստամբությամբ: Նրա առաջնորդած զինվորները հակառակորդին ներքաշում էին ձեռնամարտի մեջ: Ռազմական սխրագործությունների դիմաց նրանց պարգևատրում էին թրով: Մարտի դաշտում ողջ մնալու համար հարկ էր շնորհալի սուսերամարտիկ լինել: 1305 թ.-ին Վիլյամ Վոլասին գերեվարեց Անգլիայի Էդվարդ I թագավորը: Հետագայում Էդվարդը նրան մահապատժի ենթարկեց դավաճանության համար: Այսօր Վոլեսին Շոտլանդիայում հիշում են իբրև ազգային հերոսի: Նրա թուրը աշխարհի ամենահայտնի թրերից է: Ներկայումս թուրը պահվում է Շոտլանդիայի ազգային հուշահամալիրում: Ասում են, որ Վոլեսը գործածել է այս թուրը Ստեռլինգի կամրջի ճակատամարտում 1297 թ.-ին: Թրի բռնակը ժամանակի ընթացքում փոխվել է: Վոլեսի մահապատժից հետո նրա թուրը բաժին հասավ Դամբարտոնի ամրոցի տիրակալ Սըր Ջոն դը Մենթեիթին: Ասում են, որ այս թուրը բազում փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում: Ըստ մի վարկածի` Վոլեսի թրի պատյանը, բռնակը և գոտին ի սկզբանե անգլիացի հրամանատար Հյու Քրեսինգհեմի չորացված կաշվից է պատրաստված եղել:    

 

6. Տիսոնա

Էլ Սիդը ծնվել է 1040 թ.-ին Կաստիլիայի Վիվարում: Կաստիլիայի կայսրությունը Պիրենեյան թերակղզու հինավուրց կայսրություններից էր: Էլ Սիդը դարձավ հաջողակ հրամանատար և դիվանագետ: Նա իսպանացի հերոս ճանաչվեց: Նաև արհեստավարժ սուսերամարտիկ էր: Էլ Սիդն ուներ մի շարք տարբեր թրեր, սակայն նրա թրերից ամենահայտնին Տիսոնան է: Նա այս թուրը գործածել է մավրերի դեմ մղվող պատերազմի ընթացքում: Ներկայումս այն համարվում է Իսպանիայի ամենանվիրական մասունքներից մեկը: Տիսոնա թուրը 103 սմ երկարություն ունի և կշռում է 1.1 կգ: Թուրն այժմ գտնվում է Իսպանիայում` Բուրգոսի թանգարանում:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել