Խմոր`

300 մլ կաթը գոլացնել, լցնել մեծ ամանի մեջ, վրան ավելացնել 5 գ չոր խմորիչ, 1 ճ. գդալ շաքարավազ, 1 ճ. գդալ ալյուր: Խառնել, ծածկել սրբիչով և 20 րոպեով տեղափոխել տաք տեղ, որ խմորիչը սկսի գործել: Հենց խմորիչով զանգվածի վրա «փրփրուն գլխարկ» հայտնվի, ավելացնել մի պտղունց աղ, 3 ճ. գդալ հալած կարագ, վանիլ, 5-6 ճ. գդալ շաքարավազ և քիչ-քիչ մաղել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Ամանը ձեթով պատել, խմորը դնել մեջը, ծածկել տաք ջրում թրջած բամբակե սրբիչով և թողնել տաք և առանց միջանցիկ քամու տեղում: 1 ժամից խմորը հունցել և թողնել ևս 1 ժամով, որ հասունանա: Խմորը 2 անգամ պետք է մեծանա:

Միջուկ`

250 գ ընկույզը բլենդերով ոչ շատ մանր աղալ կամ դանակով մանրացնել, ավելացնել 5-6 ճ. գդալ շաքարավազ և կես թ. գդալ դարչին (ես չամիչ էլ եմ ավելացրել): 2 ձվի սպիտակուցին մի պտղունց աղ ավելացնել և հարել այնքան, որ ամանը շրջելիս ձուն չծորա: Զգուշությամբ սպիտակուցը խառնել ընկույզով զանգվածին:

Հասունացած խմորը բաժանել 2 մասի: Մի մասը գրտնակել և տեղափոխել ջեռոցի տապակի մեջ (տապակը նախապես ծածկել յուղաթղթով), խմորին տալ տապակի ձևը, մեջը լցնել միջուկը, տարածել: Խմորի մյուս մասը գրտնակել, ժապավեններ կտրել և ձևավորել մեր տորթ - բուլկին: Վրան հարած ձու քսել: Թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում 30-40 րոպե կամ մինչև կարմրելը: Համեղ սուրճ կամ թեյ պատրաստել և վայելել: Բարի ախորժակ !!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել