Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ:

Բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ:

«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ բացել ճանապարհը և թույլատրել միջանցքով ազատ տեղաշարժը` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների: Լաչինի միջանցքի շրջափակումը ոչ միայն սահմանափակում է Արցախի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը, այլ  նաև վտանգում սննդի մատակարարումը: Այս ամենը կարող  է հանգեցնել հումանիտար լուրջ ճգնաժամի»,-ասվում է հայտարարությունում:

Բարեկամական խմբի անդամները նաև խաղաղ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ են համարել  կողմերի միջև անհապաղ երկխոսության վերականգնումը և կոնսենսուսի միջոցով տարաձայնությունների հարթումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել