Խավարամիտների կառավարումը շարունակվում է և կառավարման վերնախավում տիրող անգրագիտությունը Հայաստանին հետզհետե տանում են դեպի 16-րդ դարի Անգլիա: Երբ Էլիզաբեթ թագուհին երկրով մեկ շրջագայությունից հետո բացահայտում է, որ ամենուր մեծաթիվ աղքատներ են, այնժամ, երբ ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ ամենուր ազատ և ինքնաբավ գյուղացիական տնտեսություններ էին:
Բանից պարզվում է պատճառը հանրային տարածքների, համայնքապատկան տարածքների՝ արոտավայրերի, աստիճանական զավթումն էր լորդերի կողմից, որոնք հետզհետե ձեռք էին բերում դրանք՝ ոչխարների արոտավայր սարքելու նպատակով: Բուրդը դարձել էր շահեկան բիզնես:
Գյուղացիները զրկված լինելով ընդհանուր օգտագործվող տարածքներից՝ հետզհետե զրկվում էին սեփական տնտեսությունը վարելու կարողությունից: Արդյունքում դրանք աղքատ էին դառնում և քանի որ չկային գործարաններ, նրանք անգործությունից կամ հանցագործ էին դառնում կամ մուրացկան:
Վերևում նկարագրածը նա է ինչ հիմա տեղի է ունենում երկրով մեկ: Կառավարություն կոչվածը հողի կադաստրային արժեքը բազմապատիկներով թանկացրել է՝ դարձնելով հողը միայն հարուստներին հասանելի, միևնույն ժամանակ հանրային տարածքները, նույնիսկ սարեր և բլուրներ (նաև ինչ-որ արձաններ տնկելու պատրվակով) կոպեկներով օտարում են մերօրյա լորդերին կամ էլ լորդուհիներին (հայտնի անձի ձևակերպմամբ)՝ իրականում հանրությանը կեղեքող օլիգարխներին:
Ու սրա հետևանքով, նաև ոռոգման համակարգի բացակայության կամ քայքայված վիճակի պատճառով, գյուղատնտեսական արտադրանքը տարեց տարի նվազում է, իսկ գյուղացին ավելի է աղքատանում:
Իբր սա մեզ քիչ էր, հիմա էլ թշնամին է խլում մեր սուղ ռեսուրս հողը: Ու այսպես հետզհետե մաշվում ենք դավաճան անգրագիտության, խավարամտության ու իշխանական որկրամոլության ձեռքերում: Իսկ մարդիկ անխռով են: Բարև իրականություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել