Հետաքրքիր զուգադիպություն

Հարցին՝ ՀԱՊԿ-ը մտադի՞ր է լքել Հայաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով.«Պետությունների ղեկավարները երեք անգամ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելություն, պատրաստվել է համապատասխան որոշում և առաջարկվել է համաձայնեցված միջոցառումների փաթեթ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ուստի ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում կատարվել են»: Միաժամանակ Հայաստանի օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցում ՀԱՊԿ-ի ցուցաբերած անգործությունը Զասը հիմնավորել է նրանով, որ տարածաշրջանը կարող է ուղղակի պայթել:« Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև տեղի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը, ուստի, կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում ՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, դրանք շատ ադեկվատ և հավասարակշռված էին»,-մասնավորապես՝ ասել է Զասը, որ իր խոսքի մեկ այլ հատվածում արձանագրել է նաև այն իրողությունը, որ ՀԱՊԿ-ի առաջարկին՝ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին, Երևանը բացասաբար է արձագանքել:

Սկզբունքորեն, իհարկե, Զասի խոսքերում կա ճշմարտության հատիկ. կոնկրետ ՆԱՏՕ-ի երազանքն է Անրկովկասի պայթեցումը, որը կհանգեցնի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի միանգամից մի քանի տերությունների ներգրավմամբ, որտեղ, ի դեպ, Հայաստանը վերածվելու է հիմնական մարտադաշտի:

Սա ճիշտ է, սակայն խնդիրն այն է, որ դա լուծում չէ: Ադբեջանը լկտիանում է, Ադրբեջանը ռուսական որոշ շրջանակների աջակցությամբ ու արևմտյան որոշ կենտրոնների հրահրմամբ ակնհայտորեն սադրում է՝ ունենալով պլան մինիմում ու մաքսիմում, այդպիսով հարվածի տակ դնելով ռուս խաղաղապահների հեղինակությունը, ինչը, ի դեպ, աննկատ չի մնում ՌԴ-ում, ուր որոշ փորձագիտական շրջանակներ, հիասթափված բաքվի վարքագծից, արդեն իսկ սկսել են խոսել Ուկրաինայից հետո Ադրբեջանով զբաղվելու անհրաժեշտության մասին:

Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք ՀԱՊԿ-ի համեստությունը պայմանավորված է բացառապես ներկա պահին ռուսական շահերով ու դրանք հարվածի տակ չդնելու զգուշավորությա՞մբ, թե՞ խնդիրը ՀՀ իշխանություններն են, որոնց սկզբունքորեն չեն կարողանում մարսել Հյուսիսում՝ շատ լավ հասկանալով՝ ով ում շպիոնն է Կովկասում:

Երկու տարբերակներն էլ կյանքի իրավունք ունեն, անկասկած, և նույնիսկ շատ հավանական է, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել բացառիկ համընկնում, երբ մի կողմից՝ նույն ՀԱՊԿ-ին ձեռնտու չէ բախվել թուրք-ադրբեջանական տանդեմին գոնե այս փուլում, մյուս կողմից՝ պաշտպանյալի դերում հանդես է գալիս մեկը, ում կյանքի նպատակը Մեղրին հանձնելն ու Արցախի էջն առհավետ փակելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել