Ananyan-1    - Դուք անցյալ դարի 60-ականների կեսերից ի վեր գրական գործընթացների կենտրոնում եք եղել, ինչպե՞ս կբացատրեք 60-ականների սերնդի երևույթը. գրականության և արվեստի մեջ եկավ մի սերունդ, որն առ այսօր երևի թե մնում է չգերազանցված: 

    - 60-ականների սերունդը մեկնարկեց խրուշչովյան ձնհալի և 1965 թ. ազգային զարթոնքի միջակայքում: Մի կողմից ամբողջատիրական վարչակարգի գաղափարախոսական մխոցը, մյուս կողմից վերջինիս պարտադրաքով տիրապետող «հեքիաթանաղլական» մտածողությունը (Պարույր Սևակ) անխտիր բոլոր ասպարեզներում բառացիորեն շնչահեղձ էին անում ստեղծագործ երիտասարդությանը, կոչում նրան մշակութային հեղափոխության: Ահա և պատմական անխուսափելիությամբ ի հայտ եկավ հեղափոխանների նոր սերնդի կայացման դարբնոցը` Վարդգես Պետրոսյանի «Գարունը» «Անցման հասակ»-ի այդ ժամանակաշրջանում էլ ձևավորվեց մասնավորապես «անբանաստեղծական բանաստեղծության» հոսանքը, որի ցայտուն ներկայացուցիչներն այսօր` նոր հասարակարգի ու նոր դարաշրջանի իրավիճակում, այո՛, արժանապատվորեն են ներկայացնում մեր գրականության դեմքը: 

    - Հայտնի է, որ ձեր սերնդի արվեստագետներն ընկերություն են արել, համագործակցել  են... Պատմեք այդ մասին: Ի՞նչ փոխվեց: Հնարավո՞ր է վերականգնել այդ կապը արվեստի տարբեր ոլորտների միջև: 

    - Հայտնի է նաև,  որ 60-ականների սերունդը հեշտ ու հանգիստ չհարթեց իր ուղին`  հենց սկզբից հայտնվեց սուր, հաճախ ոչնչացնող քննադատության կրակի տակ: Այս պայմաններում բնական հակադարձություն էր` համախոհների համախմբումը «ինքնապաշտպանական խրամատներում», որոնցից մեկն էլ երիտասարդ արվեստագետների դիլիջանյան հավաքն էր:

   2001-ից հետո, ընտրվելով ՀԳՄ նախագահ, հաջողվեց այդ արդյունավետ փորձը վերահառնել արդեն Ծաղկաձորի ստեղծագործական տանը: Այսօր երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները կազմակերպվում են ավելի լայն ձևաչափով` միջազգային բնույթ են կրում: Ավելին, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համաձայնություն է ձեռք բերվել` 2013 թվականից դրանցում ընդգրկել նաև մյուս ստեղծագործական միությունների երիտասարդությանը: 

    - Ինչպե՞ս «Գարուն» ամսագրին հաջողվեց դառնալ գրական-երիտասարդական կենտրոն` իր շուրջը համախմբելով և ինչ-որ առումով ստեղծելով գրական սերունդ: 

    - «Գարունը» որդեգրեց գրական ստույգ քաղաքականություն` ազդարարելով. «Առաջին իսկ համարից խորանալ երիտասարդության ոչ թե հնարովի, այլ իրական պրոբլեմների մեջ, որոնել կյանքի չերևացող երակներ, մոտենալ այրող հարցերի, չշտապել բոլոր հարցերի համար ձևավորելու մշակված պատասխաններ»: Եվ, իհարկե, տաղանդավոր ստեղծագործողներին նախապատվությունը, «որոնց մեջ մեր դարի, մեր օրերի վեհությունն են, տագնապները, հաստատականաններն ու հարցականները»: Ամսագիրը հավատարիմ մնաց իր հռչակած դավանանքին, ուշադրության կենտրոնում պահելով «տաք» թեմաները, յուրովի խռովելով կուսակցական մամուլի գորշությանն ու կարծրատիպերին վարժված հանրային գիտակցությունը:

    Գարունականների առաջին սերնդի կյանքում բախտորոշ էր երիտասարդական գրական օրենսդիր, քննադատ Ալեքսանդր Թոփչյանի խիզախ և  համակարգող ներկայությունը:

     - Ի՞նչ փոխվեց հետո: Այսօր հնարավոր համարո՞ւմ եք նման մի կենտրոնի ստեղծումը:

   - Հետո շատ բան փոխվեց... Երկրի քաղաքական անկախությանը հաջորդած «ստեղծագործական անկապությունը» գլխիվայր շրջեց արժեքային համակարգը, ասպարեզ իջած և իշխանական լծակները տնօրինող նոր հեղափոխականները, երբ անսանձ էյ‎ֆորիայի գրկում ողբում էին ազգային գրականության և մշակույթի վախճանը: Բարեբախտաբար, նրանց էլ ժամանակի գետը անվերադարձ տարավ իր պղտոր հորձանքի հետ. «Գարուն»-ից հետո բացվեցին նոր գրական պարբերականներ (ՙ«Նարցիս», «Գրեթերթ» և այլն)` իրենց շուրջ  համախմբելով համախոհների նոր համայնքներ` գեղագիտական ուրույն համակարգով:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել