Mediahub.am-ը գրում է.

Հայաստանի քաղաքական էլիտան այս րոպեներին քեֆ-ուրախության մեջ է:

MediaHub-ը տեղեկացավ, որ «Դվին» մյուզիք հոլում սկանդալային ճանաչում ունեցող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանիքն է, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը:

Հարսանիքից լուսանկար է հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, որից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս ներկա է հարսանեկան խնջույքին:

Հիշեցնենք, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նա պաշտոնից հեռացավ 2019 թվականի աշնանը. Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել։ Փոգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով ընկել էր կոմայի մեջ և երեք տարի անց, այսօր էլ դեռ կոմայի մեջ է:

Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել