2015թ.–ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ իմ (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ), Վիգեն Սարգսյանի (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) և Կարեն Նազարյանի (ՀՀ փոխարտգործնախարար) աշխատանքային քննարկումների արդյունքում ծնվեց “Ընդդեմ ցեղասպանության հանցագործության” գլոբալ հասարակական-քաղաքական ֆորում հրավիրելու գաղափարը:
Նույն թվականի ապրիլի 22-ին և 23-ին անցկացված առաջին գլոբալ ֆորումին մասնակցել են համաշխարհային հռչակ ունեցող ցեղասպանագետներ, գիտնականներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի կառույցների ներկայացուցիչներ, միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ, համաշխարհային տարբեր եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, շուրջ 60 երկրներից պատգամավորական պատվիրակություններ, կառավարությունների բաձրաստիճան ներկայացուցիչներ և դեսպաններ՝ շուրջ 700 մասնակիցներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշեց “…Մեր կարևորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով”:
Առաջին Գլոբալ ֆորումը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության, հույների և ասորիների ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին՝ միաձայն ընդունեց ֆորումի երևանյան հռչակագիրը: Դրանով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ աջակցել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ուղղված ջանքերին:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումն անցկացվեց 2016թ. ապրիլի 23-ին՝ «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո, որտեղ որոշվեց ֆորումը դարձնել պարբերական գործող միջազգային հարթակ՝ երկու տարին մեկ հրավիրվող պարբերականությամբ: Ընդունված հայտարարությամբ կրկին կոչ էր արվում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի ոգու ներքո:
2018թ. դեկտեմբերի 9-ին Երևանում հրավիրվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը: 2020թ.-ին, հասկանալի պատճառներով Երևանյան ֆորումը չկայացավ:
Դեկտեմբերի 12-ին և 13-ին նախատեսված է Երևանում անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։
Կապիտուլյանտների քաղաքական տգետ վարքաբանությունը առավել քան ակնհայտ է դարձել ամբողջ աշխարհին, որով կարծես թե մոռացության են մատնվում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի անհրաժեշտությունը:
Այնինչ այսօր առավել քան տեսանելի են դարձել հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանության սանձազերծման նախադրյալները: Պաշտոնական Երևանի քաղաքականությունը պարտավոր է աղաղակել ու էլ ավելի մեծ հնչեղություն տալ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Երևանյան չորրորդ գլոբալ ֆորումը պետք է անդրադառնա այնպիսի կարևոր հարցերի, ինչպեսիք են՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի կիրառումը որպես ցեղասպանության կանխարգելման միջոց, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան որպես հայ ժողովրդի նկատմամաբ նոր ցեղասպանական հանցագործությունների նախապատրաստում, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանների ոչընչոցումը որպես Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության իրականացում:
Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների կանխարգելումը, ինչպես նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը միայն կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ տարածաշրջանային խաղաղության ու դրացիական հարաբերությունների ձևավորման համար:
Հայ ժողովրդի գոյաբանությանը սպառնացող ստեղծված իրավիճակնում ՀՀ ԱԳՆ-ն իրավունք չունի վախկոտի ու մորթապաշտի վնասաբեր քաղաքականություն վարել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/pfbid02GT2H1TdXBCBN3cGVNUfcaqMfwjy6jPF3G8wk833EB2byFKsPMfZnHe43BKshneq2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել