Armenpress.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կոմիտեից, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված երկու միացված քրեական գործերով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի  55-ամյա բնակիչը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ: Արդյունքում, Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն, ըստ էության, քննելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել