ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն Հայաստանի համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, դաշնակիցների կողմից փաստի արձանագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի, որոնք ուղարկվել են լրամշակման: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է լրամշակման գործընթացը, և Հայաստանն արդյոք ակնկալիքներ ունի՞ այդ փաստաթղթերից:

«Ակնկալիքը մեկն է՝ հստակորեն արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այս փաստի արձանագրումը ու դրանից բխող գործողությունների ձեռնարկումը: ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի՝ նաև ռազմական ճանապարհով: Եվ ահա մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով կվերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքները շարունակվում են:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ՀԱՊԿ-ից օգնության ի՞նչ առաջարկ է եղել:

«Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների, միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց, կրկնում եմ՝ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականի հարցն է, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող էինք դիտարկել նաև մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, այսինքն՝ ադրբեջանական զորերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ»,- պարզաբանեց Միրզոյանը:

Նախարարն ասաց, որ որոշումը չի ընդունվել, այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելու համար, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել