Azatutyun.am-ը գրում է.
Հանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում:
«Ազատություն». - Ինչո՞ւ չընդունեցիք ընդդիմության առաջարկած հայտարարությունը, որի առանցքային ասելիքը եթե ընդհանրացնենք, Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Մարիա Կարապետյան. - «Հայաստան» խմբակցությունը իր հայտարարության տեքստով և ընդդիմությունը, առհասարակ, մշտապես առաջարկում է, որպեսզի մենք Ադրբեջանին պատասխանենք իր նման կամ նույնիսկ ավելի կոշտ, ինչպես այսօր բառացիորեն ասել է ընդդիմադիր գործիչներից մեկը: Մեր պատկերացմամբ՝ սա արդյունավետ դիվանագիտություն չէ, որովհետև մեր տարածաշրջանի խոսակցությունը, այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի ուղերձները միմյանց վերածվում է աղմուկի, փոխադարձ մեղադրանքների, եթե միջազգային հանրության տեսանկյունից ենք նայում: Մենք գիտենք ճշմարտությունը որտեղ է, իհարկե, բայց միջազգային հանրությունը դրան վերաբերում է որպես՝ դե երկու կովկասյան ժողովուրդները էլի սկսեցին միմյանց մեղադրել, նույն կերպ են միմյանց հետ խոսում, և մենք ներքաշվում ենք նաև ձեր ասած համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հանրապետություն բառի օգտագործման, թե չօգտագործման: Մենք ներքաշվում ենք տարածքային վեճի մեջ Ադրբեջանի հետ, որը մեր շահերից չի բխում և Լեռնային Ղարաբաղի հայության շահերից ևս չի բխում:
Մեր մոտեցումն այդպիսին է, սրա շուրջ չեն կարողացել համաձայնության գալ: Եվ մյուսը՝ թե Հայաստանի դերակատարումը այդ բանակցություններում որն է: Իհարկե, Հայաստանը հանձնառու է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, անվտանգությունը, բայց սա մենք չենք պատրաստվում անել Հայաստանի Հանրապետությունը գրավ դնելու գնով: Այս հարցի շուրջ ևս մենք ընդդիմության հետ չենք կարողանում համաձայնության գալ, թե ինչքան պետք է Հայաստանը հանդիսանա այդ գործընթացում իր տարածքով, բնակչությամբ և ամեն ինչով հակամարտության ակտիվ կողմ և որքանով պետք է ներդաշնակեցնի իր դիրքորոշումները միջազգային հանրության դիրքորոշումների հետ:
Մեր մոտեցումը այս վերջինն է, որ մենք պետք է մեր մատը դնենք այն գծի վրա, որը միջազգային հանրությունը պատրաստ է աջակցելու, որովհետև այս խնդիրը միայնակ չենք կարող լուծել:
«Ազատություն» - Տիկին Կարապետյան, բայց դա էլ կարծես չի աշխատում և խորհրդարանում էլ ասվեց մարտավարությունը, որ չսրենք, չգրգռենք, իրավիճակը ապակայունացնող եզրույթներ չօգտագործենք, միևնույն է Ադրբեջանը չի գնում զիջումների, ավելին, առաջ է շարժվում դեպի Հայաստան:
Մարիա Կարապետյան. - Այո, եկեք ֆիքսենք, որ հայտարարությամբ ոչ կարող ես ագրեսորի զենքերը լռեցնել և ոչ էլ ճշմարիտ է այն պնդումը, որն ընդդիմադիրներն են անում, թե Հայաստանը իր արտահայտություններով կարող է հրահրել, սադրել պատերազմ, ինչպես նաև նախորդ փուլերի համար են մեզ այդպես մեղադրում, բնավ, ոչ: Այսինքն՝ այդ առաջարկը ընդդիմադիրների, որ եկեք հոխորտանք և դա զսպիչ կլինի, այ եթե դուք Ադրբեջանին նմանապես չեք պատասխանում նա դրանից ոգևորվում է, սա ճշմարիտ պնդում չէ: