Armenpress.am-ը գրում է.

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը:

Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել