Արամ Խաչատրյան համերգասրահում հենց նոր վերջացավ «Զինվորի տան»-ը նվիրված բարեգործական համերգը։ Բեմում էին աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, չքնաղ սոպրանո Աննա Ագլատովան։ Համերգի ավարտին զինհաշմանդամները Սպիվակովի հետ քոչարի պարեցին։ Բոլորը հուզվեցին, աչքերները սրբեցին, երկար ծափեր հնչեցին։
Մի «աննշան» պահ, սակայն, այդպես էլ ոչ ոք չհիշատակեց։ Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց պատերազմի ժամանակ զոհված տղաներին։ Իսկ իմ կողքին, ինչպես արդեն ճանաչում եք, 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուրի եւ Գոռի մայրիկներն էին՝ Նարինեն եւ Լիլյան։ Չգիտեի նրանց ինչ ասել։
Պետք էր բացատրել երեւի, որ մենք ունենք թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար այլ։
Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/pfbid0nNhARvJDkaJToJXu1SDLsw4ATMJ1uCwftDUvbiuCj45k4Q8cLAjFoQ9Zu5JHDP5xl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել