ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը չի մասնակցի Բրյուսելում սպասվող քառակողմ ձևաչափին: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն՝ նախարարությունից միաժամանակ հավաստիացրել են, որ ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել Բրյուսելում սպասվող հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Ինչպես հայտնի է, Ալիևը հայտարարել է,որ Ֆրանսիան չի կարող Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս լինել, քանի որ Մակրոնը Պրահայի հանդիպումից հետո հակաադրբեջանական հայտարարություններ է արել, իսկ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել։ Ի դեպ՝ միաժամանակ Բաքվի բռնապետը տեղեկացրել էր,որ իրենք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկել են ռուս պաշտոնյաների հետ վերջին հանդիպումների ժամանակ, ու չի կարծում, որ Հայաստանը կկարողանա արգելափակել այն: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա նույնպես չի անի դա, քանի որ հետաքրքրված է տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերով։ Այս նախագծերը ոչ թե ուղղված են որևէ մեկի դեմ, այլ ընդհակառակը, օգուտ կբերեն բոլոր կողմերին».ասել է Իլհամը:

Ալիևի հայտարարությունները հնչում են ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ու Խովաևի հետ ունեցած հանդիպումից հետո, փաստորեն, ինչը նշանակում է, որ Ալիևի խոսքերում կա նաև որոշակի ռուսական հետք. Մակրոնին բոյկոտելը չի կարող ռուսական կողմի սրտով չլինել: Ի դեպ՝ Պուտինի երևանյան այցին ընդառաջ հնչում էին տեսակետներ, որ իրականում այդ այցի նպատակը միջանցքի հարցը լուծելն է, և հաշվի առնելով, որ նույն Նիկոլն արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ Երևանը որոշակի ազդակներ է ստացել և հնարավոր է նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Մյուս կողմից սրվում է հարցը՝ կապված «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հետ՝ նկատի ունենալով Ալիևի նկրտումներն ու սադրանքները՝ Լաչինի միջանցքի նկատմամբ վերասհկողություն սահմանելու համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ, որի դրսևորումներից են Հայաստանի ու նույնիսկ ռուսների հասցեին հնչող այն վերջին կեղծ մեղադրաքները, թե իբր այդ միջանցքը ծառայում է Արցախի ռազմականացման համար և այլն: Հստակ է մեկ բան՝ եթե Բաքուն համաձայնվում է այսպես կոչված միջանցքի հայկական տարբերակին, այսինքն՝ ՀՀ սուվերենության ներքո գործող երթուղու, որին դեմ չէ աև Իրանը, ապա անխուսափելիորեն դնելու է Լաչինի միջանցքի կարգավիճակի վերանայման հարց՝փոխադարձության սկզբունքով, ինչի մասին, ի դեպ, Ալիևը վաղուց է հայտարարել, բայց որի վերաբեյալ ոչինչ ասված չէ 2020-ի եռակողմ հայտարարությունում: Այսինքն՝ կա՛մ Ադրբեջանը ստանալու է սուվերեն միջանցք՝ Նախիջևանի հետ կապվելու, կա՛մ կտրելու է Հայաստանի ու Արցախի ցամաքային կապը՝ Լաչինում անցակետեր տեղադրելով:

Եթե Բաքուն իսկապես գնա այդ ճանապարհով, ապա դրանով, ըստ էության, աղբանոցը կնետի նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ մարտահրավեր նետելով գուցե ոչ այնքան Երևանին, որը «ձեռքերը լվացել է» Ստեփանակերտից, որքան Մոսկվային, որի համար այդ միջանցքի գոյությունը կենսական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել