Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Իրաքի և Սիրիայի հյուսիսում գտնվող և ահաբեկիչների կողմից Թուրքիայի դեմ հարձակումներում որպես ռազմաբազա օգտագործվող շրջաններում PKK/KCK/YPG-ի և այլ ահաբեկչական տարրերի չեզոքացմամբ «Ճիրան-սուր» օդային ռազմագործողության» իրականացման մասին, որի արդյունքում է ոչնչացվել է «ահաբեկիչների 89 թիրախ»։
Ըստ էության, գործողության իրականացման պատրվակն Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած «ահաբեկչական հարձակումն» էր, որի հետքերը, թուրքական հատուկ ծառայությունների համաձայն, տանում էին դեպի Սիրիայի քրդաբնակ շրջաններ։
Ռազմագործողության մեկնարկից հետո Թուրքիայի իշխանություններն ու այդ երկրի քարոզչամեքենան կրկին օրակարգ վերադարձրեց Սիրիայում նոր ցամաքային գործողության հնարավորությունը։
Վերոնշյալի համատեքստում կարևոր է առանձնացնել հետևյալ հիմնական հանգամանքները՝ թուրքական իշխանությունների սիրիական օրակարգի առաջմղման հետ կապված։
1. Անկարան Սիրիայի հյուսիսում ունի չլուծված ռազմավարական խնդիր՝ Թուրքիային սահմանակից քրդաբնակ շրջանների ողջ երկայնքով առավելագույնս լայնամասշտաբ անվտանգության գոտի ստեղծելու, որին ընդդիմանում են Սիրիայի վարչակարգը, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և այլն։
2. Նման ծրագիրը կրկին Թուրքիայի պրակտիկ քաղաքական օրակարգ վերադարձավ ընթացիկ տարվա մայիսից՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրով պայմանավորված։ Մինչդեռ դրա իրականացումը հետաձգվեց ԱՄՆ-ի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի կտրուկ դեմ լինելու պատճառով։ Հատկապես հուլիսին Թեհրանում կայացած «Աստանայի գագաթնաժողովի» ընթացքում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները կոշտ նախազգուշացումներ հնչեցրին Թուրքիայի՝ սիրիական ծրագրերի առնչությամբ։
3. Մինչդեռ աշնան ընթացքում մի կողմից Ռուսաստանի՝ ուկրինական ճգնաժամով պայմանավորված դիրքերի թուլացումը միաժամանակ մի քանի տարածաշրջաններում, մյուս կողմից՝ Իրանի ներսում անկայունության խորացումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների ու Թուրքիայի լոգիստիկ և միջնորդական դերակատարման աճի պայմաններում, Անկարան կրկին վեր հանեց իր սիրիական օրակարգը։
4. Ինչ խոսք, ներկա իրողությունների պայմաններում Թուրքիայի համար անհամեմատ հեշտացել է Սիրիայում նոր գործողության իրականացման արտաքին արգելքները հաղթահարելու հնարավորությունները։ Մինչդեռ այդ գործողության և քրդական հիմնախնդրի վեր հանման հարցը Թուրքիայի իշխանությունների համար նաև ներքաղաքական օրակարգի հարց է՝ 2022թ. հունիսին նախանշված համապետական ընտրություններին ընդառաջ։ Հետևաբար Էրդողանի վարչակարգի համար նոր «արտաքին հաղթանակի» մասշտաբի և այն ի ցույց դնելու ժամանակահատվածի ընտրության հարցը պայմանավորված է լրջագույն արտաքին և ներքին քաղաքական հաշվարկներով՝ երկու ուղղությամբ էլ առավելագույն արդյունավետություն արձանագրելու նպատակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0a1j4Gkz68Vyq4z4S97YCqS5pmQ2h5Nh9bSEh2UkcNhaTFC8T38WJikjuiWpaE9PWl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել