Mediahub.am-ը գրում է.

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Ազգային Ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ըստ հայտարարության՝ նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։ MediaHub.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանն ասաց, որ հայտարարությունը չափազանցված է։

«Չեմ ծեծել, դաստիարակչական աշխատանք եմ տարել, ապտակել եմ։ Ավելի շատ անձնական հարց էր, իրենք են քաղաքականացնում։ Ի սկզբանե քաղաքական բանավեճ էր բռնկվել, հետո անձնական վիրավորանք հասցրեց, դրա համար էլ ապտակ կերավ։ Իրենք իրենց արդարացնում են տարածված հայտարարությունով։ Եղբոր հետ էր եկել»,-ասաց նա։

Դավիթ Գալստյանը կրկին նշեց, որ հարցը քաղաքական չի եղել և ցավում է, որ քաղաքական երանգ են տվել դեպքին։

Նշենք, որ համաձայն հայտարարության՝ կուսակցությունը պահանջել է Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար «Դ. Գալստյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը՝ արարքի համապատասխան որակմամբ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել