Hayeli.am-ը գրում է.
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնեց իր որոշումը․ ԱՄՆ-ը պետք է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողություն ձեռնարկի այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ Ասադի ռեժիմը Դամասկոսի արվարձաններում քիմիական զենք է օգտագործել:
Սակայն Օբաման նշեց, որ նախքան ուժ կիրառելը ցանկանում է ստանալ ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը՝ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, Օբաման շեշտեց, որ ԱՄՆ-ը Սիրիային հարված կհասցնի անկախ այն բանից, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուժ գործադրելու մասին ինչ որոշում կկայացնի․ «Մենք կարող ենք առաջ շարժվել առանց ՄԱԿ ԱԽ որոշման, որն ամբողջությամբ կաթվածահար է եւ չի ցանկանում Ասադին պատասխանատվության ենթարկել», ասաց նա:
Միջազգային մամուլն արդեն իսկ տեղեկություններ է հրապարակում՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնելով, որ անկախ Կոնգրեսի կայացվելիք որոշմանը՝ ԱՄՆ-ը կհարվածի Սիրիային: Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատը հարցը կքննարկի սեպտեմբերի 9-ից սկսվող շաբաթվա ընթացքում:
Օբամայի հայտարարությունից մեկ օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահեցրեց, որ ԱՄՆ հետախուզությունը՝ «համոզվածության բարձր աստիճանով» կարծում է, որ Սիրիայի զինված ուժերը Դամասկոսի մոտ քիմիական զենք են կիրառել, եւ Դամասկոսը պետք է պատասխան տա դրա համար: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ հայտարարեց, թե պնդումները, թե Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել, սադրանք են․ «Համոզված եմ, որ այս ամենը նրանց սադրանքն է, ովքեր ցանկանում են ներքաշել մյուս երկրներին, հասնել միջազգային գործունեության հզոր մասնակիցների եւ առաջին հերթին, ԱՄՆ-ի աջակցությանը»,-ասաց նա: ՌԴ նախագահը նկատեց, թե ամերիկացի գործընկերների պնդումները, թե Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել եւ իրենք ունեն ապացույցներ, ապացուցված չեն: Նա կոչ արեց այդ ապացույցները ներկայացնել ՄԱԿ-ի տեսուչներին եւ ԱԽ-ին:
Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն չի մասնակցի Սիրիայում ռազմական միջամտությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ուրբաթ օրը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում մասնակցել Սիրիայի դեմ ռազմական ակցիային, թեեւ նկատել էր, թե կասկած չունի, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման ետեւում նախագահ Ասադի ռեժիմն է:
Երեկ արդեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետական հեռուստաալիքով հայտարարեց, թե Սիրիան արտաքին ագրեսիային կդիմակայի նույնքան հաջող, որքան վերջին երկուսուկես տարվա ընթացքում դիմակայում է ներքին ագրեսիային․ «Սիրիան, նրա տոկուն ժողովուրդը եւ նրա քաջարի բանակը կդիմակայեն ցանկացած ագրեսիայի, ինչպես ամեն օր դիմակայում են ներքին ագրեսիային եւ հաղթում, ինչը ի վերջո կհանգեցնի երկրի ողջ տարածքում կայունության հաստատման»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ