Շատերը կհիշեն, թե ինչպես էր ընդդիմադիր եղած տարիներին Նիկոլը անխնա քննադատում իշխանություններին՝ նրանց մեղադրելով պետական պարտքի բեռի ավելացման համար: Մեղադրում էր, որ չնայած Հայաստանն ունի հսկայական ներքին ռեսուրսներ, սակայն իշխանություններին չի հաջողվում կամ չեն ցանկանում հրաժարվել պարտքով ապրելու սովորությունից՝ ընտրելով հեշտ, բայց վտանգավոր զագացման ուղի:

Ենթադրվում էր, որ իշխանության գալով՝ Նիկոլը պետք է վերջ դներ իր կողմից այդքան քննադատված սովորությանն ու դադարեր մեծացնել պետական պարտքի բեռը՝ շեշտը դնելով ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի վրա, այնինչ այժմ բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես դառնում. Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը քիչ թե շատ կայուն հաջողվում է պահել բացառապես երկու գործիքակազմի միջոցով՝ ուկրաինական պատերազմի հետևանքով այստեղ եկած ռուսաստանցիների ու պետական պարտքի բեռի անդադար մեծացման շնորհիվ. Նիկոլին այս ընթացքում հաջողվել է պետական պարտքն ավելացնել մոտ 40%-ով, ինչի հետևանքով այն վաղուց գերազանցել է 10 մլրդ դոլարի շեմը:

Պարտք վերցնում են բոլոր պետությունները, այդ թվում՝ զարգացած: Հարցն այն է, թե ինչպես են այդ գումարները օգտագործվում, ինչ արդյունավետությամբ և այլն: Սրանք պարտք վերցնելիս իրենց առաջ ռազմավարական նպատակներ չեն դնում, այլ փողն օգտագործում են՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար՝ չմտահոգվելով վաղվա օրով ու թքած ունենալով հետևանքների վրա:

Ինչպես նշում են տնտեսագեները, ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ մոտավորապես 70% է կազմում,ինչը լրջագույն ռիսկեր է իր մեջ պարունակում, և հաշվի առնելով, որ ներկայիս տնտեսական ակտիվությունը խոշոր հաշվով օճառի պղպջակի պես մի բան է, իրավիճակը Հայաստանի համար աղետի վերածվելու լուրջ հեռանկարներ ունի:

Նիկոլը վարում է սպոնտան, անհեռատես, իրավիճակային քաղաքականություն ոչ միայն արտաքին ճակատում՝ երկիրը դնելով գերտերությունների զոհասեղանին, այլև տնտեսական հարցերում, ու չնայած հրապարակներում խոստանում էր կարճ ժամանակահատվածում երկրի բյուջեն մի քանի անգամ մեծացնել՝ «թալանածը» հետ բերելով, այսօր փաստն այն է որ Հայասանը կարող է բախվել տնտեսական աղետի, եթե հանկարծ մի օր Հայաստան եկած ռուսները վերադռանան հայրենիք:

Պարզվեց՝ ո՛չ թալան է եղել, ո՛չ թալանչի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել