«Հայկական ժամանակ»-ն Ազգային ժողովից հետաքրքրվել է, թե որքա՞ն են բացակայել պատգամավորները, և դրա դիմաց որքա՞ն գումար է պահվել նրանց աշխատավարձերից:
ԱԺ-ից մեզ տրամադրել են 2022 թվականի հունիս-հուլիս ամիսների բացակայությունները, որի համաձայն՝ ամենից շատը բացակայել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ընդհանուր՝ 21 բացակա, որից 9 բացակա՝ լիագումար նիստերից, ինչի համար նրանից պահվել է 276 հազար 585 դրամ, և 12 բացակա՝ հանձնաժողովի նիստերից, որի համար էլ պահվել է 369 հազար 783 դրամ:
Հաջորդը նույն խմբակցությունից Արթուր Խաչատրյանը և Արծվիկ Մինասյանն են, ընդհանուր՝ շուրջ 20 բացակայով, որից 11-ը՝ լիագումար նիստերից, ինչի համար նրանցից համապատասխանաբար պահվել է 359 հազար 862 դրամ և 342 հազար 725 դրամ: 9 բացակա էլ վերջիններս հանձնաժողովի նիստերից են ունեցել, որի համար էլ նրանցից պահվել է 284 հազար 101 դրամ և 270 հազար 573 դրամ:
Երրորդ տեղում 19 բացակայով «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանն է: Նա 10 անգամ բացակայել է լիագումար նիստերից, 9-ը՝ հանձնաժողովի: Ընդհանուր առմամբ Վարդանյանից պահվել է 589 հազար 247 դրամ:
Չորրորդ տեղում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ 18-ական բացակայով: Մկրտչյանը 9 անգամ է բացակայել լիագումար նիստերից, ինչի համար պատգամավորից պահվել է 276 հազար 585 դրամ, 9 բացակա էլ ունեցել է հանձնաժողովի նիստերից. պահվել է 279 հազար 592 դրամ: Վարդևանյանը նույնպես 9 անգամ է բացակայել լիագումար նիստերից և նույնքան՝ հանձնաժողովի. նրա աշխատավարձից պահվել է 276 հազար 585 դրամ և 279 հազար 592 դրամ:
Հինգերորդը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Մխիթար Զաքարյանն են: Նրանք երկու ամսվա ընթացքում ընդհանուր բացակայել են 16 անգամ. 11 անգամ՝ լիագումար նիստերից, 5-ը՝ հանձնաժողովի: Համապատասխանաբար Վահե Հակոբյանից պահվել է 595 հազար 260 դրամ: Զաքարյանից և Ստամբուլյանից՝ 496 հազար 050 դրամ:
Հաջորդը կրկին նույն խմբակցությունից Ելենա Կիրակոսյանը և Թադևոս Ավետիսյանն են՝ 15 բացակայությամբ, որից 11-ը՝ լիագումար նիստերից, ինչի համար Կիրակոսյանից պահվել է 342 հազար 725 դրամ, իսկ Ավետիսյանից՝ 359 հազար 862 դրամ, և 4-ը՝ հանձնաժողովի նիստերից, ինչի համար էլ Կիրակոսյանից պահվել է 123 հազար 261 դրամ, Թադևոսյանից՝ 129 հազար 424 դրամ:
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի բացակաները եղել են 12-ը: Վերջինս, լինելով փոխխոսնակ, ընդգրկված չէ որևէ հանձնաժողովում, ելնելով դրանից՝ հանձնաժողովների մասով չի ունեցել բացականեր: 12 բացակայի համար նրանից պահվել է 521 հազար 905 դրամ:
Ընդդիմադիր մնացած պատգամավորները բացակայել են ավելի քիչ՝ 11, 12, 13 և այլն անգամներ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գրեթե չեն բացակայել կամ բացակայել են հազվադեպ:
Ամենից շատը կառավարող խմբակցությունից բացակայել են Հայկ Սարգսյանը և Նարեկ Ղահրամանյանը՝ 4-ական բացակա: Հայկ Սարգսյանը 4-ն էլ բացակայել է լիագումար նիստերից, ինչի համար նրանից պահվել է 129 հազար 274 դրամ, իսկ Ղահրամանյանը 1-ը՝ լիագումար նիստից, 3-ը՝ հանձնաժողովի: Համապատասխանաբար նրանից պահվել է 30 հազար 064 և 93 հազար 197 դրամ:
Նույն խմբակցությունից 3-ական անգամ էլ բացակայել են Կարեն Համբարձումյանը, ումից պահվել է 90 հազար 191 դրամ, և Գուրգեն Արսենյանը, որից էլ պահվել է 90 հազար 191 դրամ:
ՔՊ-ական մյուս պատգամավորները բացակայել են 1 կամ 2 անգամ:
Կառավարող խմբակցությունից ոչ մի անգամ չեն բացակայել Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Հովիկ Աղազարյանը, Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ նույն քանակի բացակաների դեպքում պատգամավորների աշխատավարձերի պահումների տարբեր թվերը կապված են, թե որ ամսին է եղել բացակայությունը. հունիս և հուլիս ամիսների ընթացքում աշխատանքային օրերը տարբեր քանակությամբ են եղել: