1in.am-ը գրում է.
Ազատամարտիկներն այսօր արդեն ավարտել են Կապանում կազմակերպած նստացույցը և վերադարձել Երևան: Այժմ նրանք հանգստանում և հետագա քայլերի մասին ծրագրեր են կազմում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ Կապանում անցկացրած ստորագրահավաքին միացել է շուրջ 100 ազատամարտիկ. «Նրանց մի մասը գյուղերում էին և չկարողացան գալ Կապան, կային մարդիկ, ովքեր հիվանդանոցում էին՝ առողջական խնդիրներով, բայց հիմնական մասը ստորագրել է»:
Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց միացած բոլոր ազատամարտիկներին ծանոթացրել են ծրագրին, եղել են քննարկումներ, ստացել են նրանց համաձայնությունը՝ իրենց շահերը ներկայացնելու Երևանում:
Այն հարցին, թե ինչ վիճակում էին ապրում Կապանում ազատամարտիկները, պարոն Ավետիսյանն ասաց, որ տղաները նույն վիճակում են, ինչ որ հանրապետության այլ մարզերում. «Ոչ մի տարբերություն չկա, նույն գումարն են ստանում, նույն հոգսերն ունեն: Միայն նրանք ասացին, որ մեկ-մեկ դիմում են մարզպետին և օգնություն խնդրում: Այդ էլ շատ ծայրահեղ դեպքերում»:
Նշենք նաև, որ Արցախ գնալու վերաբերյալ քննարկումները շուտով կավարտվեն, և առաջիկայում պարզ կլինի՝ ազատամարտիկները գնալու են Արցախ, թե ոչ: