Կառավարության որոշումներով «Եվրոպլաստ 999», «Յունիվերսալ Քլոզրս», «Պարկ Գրուպ», «Հրաշք Գրուպ» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կախովի առաստաղների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 69 նոր աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 189 մլն դրամ:
«Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ալյումինե կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 6 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 282 մլն դրամ:
«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է զարգացնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգին՝ ավելացնելով եվրոպական արտադրողների ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ։ 2017 թ. ստեղծված ընկերությունը ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։
«Հրաշք Գրուպ» ՍՊԸ-ը ներդրումային ծրագիր է իրականացնելու տարբեր տեսակի կահույքի ինչպես նաև ներքնակների արտադրության համար՝ Արարատի մարզում։ Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում։ Արդյուքնում կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 790.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 54.6 մլն դրամ։



