Հայաստանում վանդալիզմը նոր հորիզոններ է նվաճում՝ ստանալով բավական վտանգավոր երանգներ: Մասնավորապես՝ հիմա էլ պղծել են Նժդեհի արձանը՝ դրա պանդվանդանին պարսկերեն գրելով «Մահ Խամենեիին»: Ի դեպ՝ միայն Նժդեհի արձանի վրա չէ, որ ինքնադրսևորվել են վանդալները. մեկ այլ արձանի վրա էլ է հայտնաբերվել նման գրառում:

Վանդալիզմի այս դեպքն ակնհայտորեն տարբերվում է նրանով, որ, փաստորեն, այն ուղղված է ոչ միայն հայերի, այլև բարեկամ իրանցիների դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ Իրանի ներկայիս իշխանությունների՝ հաշվի առնելով այն, թե ով է Խամանեին. Իրանի հոգևոր առաջնորդն է ու այդ երկրում բարձրագույն իշխանություն կրողը: Շերլոկ Հոլմս պետք չէ լիել՝ հասկանալու, թե ում ձեռքի գործը կարող է լինել ատելության դրսևորման այս արտահայտչաձևը:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ մամուլում հաստատված տեղեկություն էր տարածվել այն մասին, որ որոշներ ծրագրել էին պայթեցնել Իրանի դեսպանատունը Հայաստանում: Տեռորը, սակայն, բարեբախատաբար, կանխվել էր ու բանը բանից չէր անցել: Ակնհայտ է, որ թե՛ վանդալիզմի վերջին դրսևորումները, թե՛ Իրանի դեսպանատան պայեթեցման փորձը մեկ ընդհանուր օպերայից են՝ գրված հայ և իրանցի ժողովուրդների թշնամիների ձեռամբ:

Հայաստանը հայնվել է թուրքերի ու ազերիների, ինչպես նաև նրանց հակաիրանական պլանները հովանավորող ուժերի թիրախում. նպատակ ունեն՝ ինչ-որ կերպ սեպ խրելու երկու բարեկամ երկրների միջև, լարվածություն մտցնելու, որպեսզի կարողանան Հայաստանը շեղել քիչ թե շատ պրոիրանական ուղուց՝ Թեհրանին թակարդը գցելով: Այս ամենի համատեքստում խիստ էական է դառնում իշխանութունների, բայց հակապես իրավապահների ադեկվատության խնդիրը. Հայաստանին հարկավոր է հզոր, մեզ հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող Իրան, իսկ այս նախապայմաններից ցանկացածի բացակայության դեպքում Հայաստանը կարող է ուղղակի ոչնչանալ՝ նկատի ունենալով արևելյան ու արևմտան մեր թշնամիների ստրատեգիական ծրագրերը, որոնց զսպիչ ուժի դերում հանդես է գալիս սուվերեն Թեհրանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել