168.am-ը գրում է․

Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրան մատակարարելով հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգեր: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք հակամարտության կողմ չենք Ուկրաինայում, բայց նրան ցուցաբերում ենք հումանիտար, տնտեսական եւ ռազմական աջակցություն: Եվ մենք պետք է այդ աջակցությունն ուժեղացնենք հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգերի մատակարարումներով»,-հայտարարել է Մակրոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է Ֆրանսիայի ղեկավարը, միջազգային հանրակցությունը պետք է կրկնապատկի ջանքերն այն բանի համար, որպեսզի Ուկրաինան կարողանա վերապրել այս ձմեռը: Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան Դանիայի հետ միասին աշխատում է եւս վեց CAESAR հաուբիցներ մատակարարելու Ուկրաինային: Նաեւ Փարիզը պլանավորում է Կիեւին ուղարկել ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ հրթիռներ: Ֆրանսիական ԶԼՄ-ները նաեւ գրել են, որ Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային մատակարարել շուրջ 20 Bastion զրահափոխադրիչներ:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու է բացասական արդյունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել