1in.am-ը գրում է.

Պաշտպանի աշխատակազմը առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը: 

2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ:Մշտապես մտահոգված լինելով բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ մտավախություն ունենք, որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը: 

ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր ամրագրում են յուրաքանչյուր անձիբարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը պետության կողմից:

Չնայած, որ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները կարող են ստանալ ուսման վճարի զեղչ, այս արտոնությունը գործում է միայն երկրորդ կիսամյակից, մինչդեռ առաջին կուրսի ուսանողը ստիպված է լինում վճարել առաջին կիսամյակի վարձը ուսումնական տարվա սկզբում:

Օմբուդսմենը բազմիցս առաջարկել է ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցում պետության կողմից՝ հետաձգելով այդ ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը:

Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների` որպես ուսանող հրամանագրումը, չպետք է կախվածության մեջ դրվի ուսման վարձի վճարման հանգամանքից: 

Հետևաբար, վարձի վճարման հետաձգումը անհրաժեշտ է բարձրագույն կրթությունը բոլոր անձանց համար մատչելի դարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել