Առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է։ Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ աշխատանքի և արագ չի հոգնում: Կարելի է ասել` առողջությունն ամեն ինչ է: 
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս ՀՀ-ում հիվանդանոցների, բուժհաստատությունների, բժիշկների և բուժաշխատողների քանակը, հիվանդությունների հաճախականությունը, սակայն ոչ մեկ չի անդրադառնում այս ոլորտում սահմանված բարձր սակագներին: Ոլորտի պատասխանատուները պնդում են, թե Հայաստանի բուժհաստատություններում սահմանված սակագները զիջում են տարածաշրջանի և աշխարհի մի շարք այլ պետությունների բուժհաստատություններում սահմանված սակագներին: Այստեղ հարց է առաջանում. մի՞թե մենք ապրում ենք աշխարհի մի շարք այլ պետություններում բնակվող մարդկանց նման, և մի՞թե մենք ստանում ենք այնքան եկամուտ, որքան աշխարհի մի շարք այլ պետությունների քաղաքացիներ: 
Այսպես. ՀՀ-ում առողջական խնդիրներ ունեցող մարդը ամբողջական (ինչպես ժողովուրդն է ասում` ոտքից գլուխ) հետազոտություն անցնելու համար ծախսում է մոտավորապես 150.000 ՀՀ դրամ, նույնիսկ ավելին: Դե իսկ միայն հետազոտությամբ չես առողջանա: Հետազոտությունից հետո դիմում ես բժշկի` անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով: Պետք է ասել, որ ներկայումս, առավել ևս Հայաստանում, շատ քիչ բժիշկներ են (գրեթե չկան), որ մարդկանց օգնում են առանց գումարի: Բժիշկը նշանակումներ է կատարում, իսկ հիվանդը ճարահատյալ ձեռք է բերում բոլոր նշանակումներն, ու այսպես սկսվում է բուժման կուրսը: Դե իսկ լիարժեք ապաքինվելու համար, իհարկե կախված հիմանդության աստիճանից, բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ: Չպետք է մոռանալ նաև դեղորայքի սակագները, որոնք աբսուրդի են հասնում: Ուստի, եթե ընդհանուր հաշվարկենք, ապա մեկ հիվանդին բուժման ամբողջ կուրս անցնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 300.000-500.000 ՀՀ դրամ: Իսկ մեր երկրում ներկայիս պայմաններում այսպիսի գումարները հասանելի չեն նույնիսկ միջին խավի ներկայացուցիչներին: Առավել խոցելի են հատկապես սոցիալապես անապահով խավն ու կենսաթոշակառուները, ովքեր հիվանդության կարգ չունեն և ընտանեկան նպաստ չեն ստանում: Նրանք ստիպված են ամբողջությամբ կատարել վճարումները: Իսկ ծայրահեղ հիվանդությունների կամ շտապ վիրահատությունների դեպքում բժիշկները հրաժարվում են վիրահատել հիվանդին, մինչև նրա հարազատները չգտնեն և հանձնեն անհրաժեշտ գումարը: Այդ իսկ պատճառով այսօր մարդկանց մեծամասնությունը գերադասում է չդիմել բժշկի: Նրանք գերադասում են չիմանալ իրենց հիվանդության մասին, քան իմանալով չկարողանալ բուժվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել