Emedia.am-ը գրում է.
Նոր ուսումնական տարին սկսված է, դասագրքերը և դասացուցակը` հստակեցված։ Դպրոցներում միակ անորոշությունը կապված է ուսումնական ձեռնարկների և աշխատանքային տետրերի հետ։ Թեև բիզնես-շահեր հետապնդող որոշ կրթական կառույցներ կողմ են հիմնական դասագրքերի հետ առաջարկվող օժանդակ նյութերին, սակայն դեմ են գլխավոր շահառուները՝ ծնողները։
«Իմ երեխան այս տարի 2–րդ դասարան է գնալու։ Տնօրինությունից ինձ ասել են, որ սպասում են նախարարությունից հրահանգի: Եթե պետք եղավ՝ աշխատանքային տետրերը կլինեն պարտադիր։ Օրինակ, ես պետք է գնեմ պատկերազարդ տետր, մաթեմատիկայի աշխատանքային տետր, շախմատի համար տետր և այլն»,–հայտնում է eMedia.am–ի զրուցակից, խնդրով մտահոգ ծնող Տաթևը։
Ըստ մեր հերոսուհու՝ գրախանութներում տետրերն առանձին չեն վաճառվում. «Ես ստիպված պետք է գնեմ աշխատանքային տետրի 1–ին և 2–րդ համարները։ Ինն առարկայի դեպքում ես ստիպված վճարելու եմ մոտ 14 հազար դրամ»։
Օրեր առաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ։ Թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրերն էլ, ըստ նախարարի, կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ:
Որոշ ծնողների բնութագրմամբ, սակայն, տետրերի շուրջ տեղի ունեցող խառնաշփոթը «կրկեսային ներկայացում է»։ «Մի կողմից հաճոյանում են, որ ուզում են լավ բան արած լինել, մյուս կողմից աշխատանքային տետրեր և անպետք հազար ու մի գրականություն են պարտադրում, որն ի դեպ ավելի թանկ է նստում ծնողի վրա, քան եթե նա վճարեր դասագրքերի համար»,–հայտնում է ծնողկոմիտեի անդամ, երկու դպրոցակաների մայր տիկին Անահիտը։
eMedia.am-ը փոքրիկ հարցախույզ արեց մի շարք դպրոցներում` պարզելու, թե ինչպիսին է իրենց դիրքորոշումը այս հարցում։ Քանի որ եթե անգամ «վերևներից» ձեռնարկների և տետրեր ձեռքբեման պարտադիր հրահանգ կա, դպրոցը կարող է հրաժարվել այդ պարտադրանքից՝ բերելով հիմնավորումներից ամենապարզագույնը՝ ծնողների դժգոհությունը և ծանր սոցիալական վիճակը։
Վահան Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցից հայտնեցին, որ իրենք Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հենակետային բազան են և որոշ ուսումնական ձեռնարկներ հնարավոր է, որ պարտադիր լինենց աշակերտների համար։
«Ծնողական ժողովների և մանկավարժական համալսարանի հետ քննարկումներից հետո միայն հարցը կհստակեցվի»,–տեղեկացրեցին դպրոցից։
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը eMedia.am–ի հետ զրույցում նշեց, որ գոյություն ունեցող ձեռնակները և լրացուցիչ նյութերը պարտադիր պահանջ չեն աշակերտների և դասընթացի համար։
«Եթե անգամ որոշ աշխատանքային տետրեր պարտադիր են լինում, դպրոցում պատճենահանման համար պայմաններ կան, աշակերտը կարող է պատճենահանել, իսկ լրացուցիչ նյութերի և ձեռնարկների դեպքում օգտվել դպրոցի գրադարանից։ Ամեն դեպքում մենք նկատի ենք ունենում աշակերտի սոցիալական հնարավորությւնները»,–ավելացրեց փոխտնօրենը։
Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը երկիմաստ պատասխան տվեց, նա նշեց, որ այն գրքերն և ձեռնարկները, որոնք պետական մոտեցում չունեն, դուրս են դպրոցի գրականության ցանկից։
eMedia.am–ի հետ զրույցում ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ դպրոցներում տետրերի վաճառքն արգելված է .
«Ստուգողական աշխատանքի և նմանատիպ աշխատանքների համար նախատեսված տետրերի անվճար տրամադրումը մենք երաշխավորել ենք, եթե մանկավարժը բողոքում է և ծնողները դեմ են ստուգողական տետրերին, կարող են չգնել, դրանք պարտադրված չեն»։
Ըստ պաշտոնյայի, եթե ուսուցիչը գտնում է, որ այդ տետրերը պետք են աշակերտին, ծնողների համաձայնությամբ նրանք ձեռք են բերում, հակառակ դեպքում՝ հրաժարվել։ Ինչ վերաբերում է դասագրքերին կից ձեռնարկներին, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դրանք դուրս են դասապրոցեսից։
Փաստորեն ստացվում է, որ դասագրքերից բացի այլ գրականություն նախարարության կողմից չի պարտադրվում, պարտադրանքը ավելի ցածր օղակներից և դպրոցի տնօրենների կողմից է։
ՀԳ. Օրենքն ու արդարությունն այս դեպքում ծնողների կողմն է, նրանք կարող են հրաժարվել և մինչև վերջ պայքարել անօրինության դեմ՝ ահազանգելով այդ մասին պատկան մարմիններին և լրատվամիջոցներին։
«Մենք որ աշխատանքային տետրերով ու ձեռնակներով չենք կրթություն ստացել, կարող է վատ մասնագետներ ե՞նք...»,–հարց է բարձրացնում ծնողկոմիտեի անդամը։