Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5. Սիդնեյ Ռեյլի

Սիդնեյ Ռեյլին Ջեյմս Բոնդի նախատիպներից է եղել: Նա արհեստավարժ լրտես էր, ով 20-րդ դարի սկզբներին աշխատում էր մի շարք կառավարությունների համար: Ռեյլին հմտացել էր խաբեբայությունների ասպարեզում: Հենց այս պատճառով էլ նրա կյանքին վերաբերող տեղեկատվության զգալի մասն արժանահավատ չէ: Նա հաճախ ծպտված տարբեր երկրների սահմաններ էր հատում, որպեսզի ռազմական գաղտնիքներ կորզեր: Ռեյլին կենսախինդ խառնվածքի տեր մարդ էր և հաճախ էր օգտագործում իր հմայքը ռազմական և քաղաքական գործիչների կանանց գայթակղելու համար: Նա այս կանանցից փորձում էր կարևոր տեղեկատվություն կորզել: 1917 թ.-ին Ռեյլին բրիտանական հետախուզական խմբի առաջնորդն էր: Խմբի նպատակն էր տապալել Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունը: Նա անգամ մահափորձ է ծրագրել Վլադիմիր Լենինի դեմ, սակայն այն ձախողվել է: Նրա խմբի անդամներին ձերբակալել են, սակայն նա կարողացել է խույս տալ դեպի Ֆինլանդիա` գերմանացի ազգայնական ձևանալով: 1925 թ.-ին նա Խորհրդային Միություն գնաց, որտեղ էլ նրան ձերբակալեցին: Ռեյլին երբեք չխոստովանեց, որ լրտես է, սակայն դա նրան չփրկեց մահապատժից:
4. Ֆրից Ժուբեր Դյուկեյն

Ֆրիցը գրող էր, զինվոր և պարզապես արկածախնդիր մարդ, ով I և II համաշխարհային պատերազմների ընթացքում իբրև լրտես աշխատեկով մեծ հռչակ ձեռք բերեց: Երիտասարդ հասակում նա իր հայրենի Հարավային Աֆրիկայում կռվել է անգլիացիների դեմ: Մի պահ մտել է բրիտանական բանակ իբրև յուրային` սաբոտաժ իրականացնելու և զորքերի գործողությունների մասին տեղեկատվություն փոխանցելու համար: Այս փորձառությունից հետո Ֆրիցի մոտ ատելություն առաջացավ անգլիացիների և անգլիական ամեն ինչի հանդեպ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա սկսել է գերմանացիների համար իբրև լրտես աշխատել: Այդ ընթացքում ռումբեր է տեղադրել բրիտանական մի քանի նավերի վրա, ինչի արդյունքում դրանք ռմբակոծությունից ծովի հատակն են սուզվել: Ֆրիցին ձերբակալեցին 1917 թ.-ին և արտահանձնեցին Նյու Յորք: Բանտում երկու տարի անցկացնելուց հետո նա փախուստի դիմեց: Ֆրիցը անհետացավ որոշ ժամանակով` այդ ընթացքում աշխատելով իբրև լրագրող և գրելով իր ինքնակենսագրությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա կրկին ասպարեզ դուրս եկավ և սկսեց գերմանացիների համար իբրև լրտես աշխատել: Ֆրիցի լրտեսական կարիերայի վերջը եկավ 1942 թ.-ին, երբ նրան և 33 գերմանացի լրտեսների ձերբակալեցին:
3. Նաթան Հեյլ

Շատերը Նաթան Հեյլին համարում են Ամերիկայի առաջին լրտեսը: Նա զինվորական ծառայող էր, ով 1776 թ.-ին կամավորական սկզբունքով մասնակցեց մի հետախուզական առաքելության: 21-ամյա Հեյլը կերպարանափոխվեց և ուղևորվեց Նյու Յորք, որպեսզի տեղեկություններ հաղորդեր բրիտանական զորքերի պլանների և գործողությունների մասին: Սակայն անգլիացիները հաղթանակ տարան Նյու Յորքում, ինչից հետո մի բրիտանացի ոստիկան գտավ և բերման ենթարկեց նրան: Հեյլը ձերբակալվեց և ձերբակալությունից մի քանի օր անց կախաղան հանվեց: Մահապատժից առաջ Հեյլը ասել է հետևյալ խոսքերը. «Ես ափսոսում եմ, որ միայն մի կյանք ունեմ, որը կարող եմ զոհաբերել հանուն հայրենիքիս»: Այս խոսքերը և նրա լրտեսական գործունեությունը այնքան հայտնի դարձան, որ Հեյլին սկսեցին համարել Հեղափոխական պատերազմի հերոսներից մեկը: Մինչ այսօր նրա արձանը կանգուն է Կենտրոնական հետախուզական գործակալության շտաբի մոտ:
2. Քիմ Ֆիլբի

Քիմ Ֆիլբին ակտիվ գործունեություն էր ծավալում Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Նա բրիտանացի լրտես էր, ով իրականում սոցիալիստ էր և գտնվում էր խորհրդային ԱԱԾ-ի հսկողության ներքո: Լրտեսական առաքելություններով նա ուղևորվել է Իսպանիա, Աֆրիկա, ԱՄՆ, Ստամբուլ և Մոսկվա ու հռչակ ձեռք բերել իբրև Բրիտանիայի ամենակարկառուն լրտեսներից մեկը, սակայն այդ ամբողջ ընթացքում նա գաղտնի կերպով տեղեկատվություն էր փոխանցում Փարիզում Խորհրդային Միության դեսպանատանը: Քառասունականների վերջին նրան հանձնարարվեց Վաշինգտոնում բրիտանական և ամերիկյան հետախուզական կազմակերպությունների միջև միջնորդի դեր ստանձնել: Այս ընթացքում նա կարևոր տեղեկություններ էր հաղորդում ԱՄՆ-ի սպառազինությունների և ատոմային զենքերի պաշարների մասին: Շատերն ասում են, որ այս տեղեկատվության զեկուցումը ազդել է Ստալինի քաղաքական որոշումների վրա, ինչպես նաև օգնել է առաջ մղել Կորեայի պատերազմը: Բրիտանական հետախուզական կազմակերպությունը բազմիցս կասկածել է, որ Ֆիլբին կարող է Խորհրդային Միության լրտես լինել, սակայն դա հաստատող ոչ մի ապացույց չի գտնվել: Նա շարունակել է ծառայել Խորհրդային Միությանը մինչև կյանքի վերջը: Նա մահացավ 1988 թ.-ին, և Ռուսաստանի իշխանությունները նրան պարգևատրեցին բազում հետմահու պարգևներով:
1. Մատա Հարի
Մատա Հարին հանրաճանաչ պարուհի էր, ով 1917 թ.-ին մահապատժի ենթարկվեց գերմանացիներին Առաջին համշխարհային պատերազմի ընթացքում լրտեսական ծառայություններ մատուցելու համար: Նա հայտնի դարձավ այդ ժամանակ բավականին համարձակ և շատերի կողմից անպարկեշտ համարվող պարային կատարումներով: Պատերազմի սկզբին նա բազում բարձրաստիճան բիզնեսմենների և զինծառայողների սիրուհին էր: Նա Նիդեռլանդների քաղաքացի էր և հաճախ էր հատում ազգային սահմանները, ինչն էլ գրավեց դաշնակից պետությունների ուշադրությունը: Երբ Հարիին հարցաքննում էին Բրիտանիայի հետախուզական մարմինները, նա պնդեց, թե ինքը ֆրանսիացիներին ծառայող ծպտյալ լրտես է, սակայն այս պնդումներին չհավատացին: Շուտով պարզ դարձավ, որ նրա մատը խառն է եղել 50,000 մարդու սպանության մեջ: Նա մեղավոր ճանաչվեց և մահապատժի ենթարկվեց 1917 թ. հոկտեմբերին: Այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյոք նա ծառայում էր ֆրանսիացիների՞ն, թե՞ գերմանացիներին, սակայն Մատա Հարիին հիշում են իբրև բոլոր ժամանակների ամենահայտնի լրտեսներից մեկի:



