Hetq.am-ը գրում է.

Հայաստանի մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան-Լեհաստան առևտրաշրջանառությունը կազմել է 42.2 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով շուրջ 39%-ով։ Ընթերցողը կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանն ու Լեհաստանը սկսել են ավելի ակտիվ առևտուր անել, այնպես, ինչպես մենք կարծեցինք, երբ ուսումնասիրում էինք այս տվյալները։ Այս մասին գրում է «Հետք»–ը։

Թեև Հայաստանի արտաքին առևտրում Լեհաստանի կշիռը փոքր է (2021-ի տարեկան տվյալներով՝ 0.8%), և էական փոփոխություններ չեն գրանցվել, սակայն վերևում նշված տվյալների տակ հետաքրքիր մի պատմություն կա, որը ցույց է տալիս, թե երբեմն ինչպես են ուռճացվում վիճակագրական տվյալները։ Իսկ պետական այրերը հետո դրանք կարող են որպես տնտեսական ձեռքբերումներ ներկայացնել։ 

Պաշտոնական տվյալներով՝ առաջին կիսամյակում Լեհաստանից 9 մլն դոլարի արվեստի ստեղծագործություններ են ներմուծվել Հայաստան:

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտուրն ուսումնասիրելիս աչքի է ընկում մի տվյալ, ըստ որի՝ նշված կիսամյակում Հայաստան են ներմուծվել մոտ 9 մլն դոլարի արվեստի ստեղծագործություններ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 45.2 անգամ։

Որոշեցինք ՊԵԿ-ից առավել մանրամասն տեղեկություններ ստանալ՝ արվեստի ի՞նչ ստեղծագործությունների մասին է խոսքը, ո՞վ է ներմուծել։ Իսկ մինչ այդ, Մաքսային ծառայության ցանկերից պարզում ենք, որ խոսքը Լեհաստանից ներմուծված 4 նկարի մասին է, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 9 մլն դոլար։

Ինչպես պարզաբանում են Պետական եկամուտների կոմիտեից, Լեհաստանից 4 գեղանկար են «ներմուծել» «Ռուսական արվեստի թանգարանը (Ա. Աբրահամյանի հավաքածու)» և «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ը։ 

Ոչ մի նոր բան չի ներմուծվել. Լեհաստանում ցուցադրվել են պատկերասրահի և թանգարանի հավաքածուներից կտավներ

Այս տեղեկություններից հնարավոր էր ենթադրել, որ թանգարանն ու պատերասրահը բարձրաժեք կտավներ են գնել։ Սակայն, ինչպես ավելի ուշ պարզաբանում են ՊԵԿ-ից, ընդամենը կառույցները իրենց հավաքածուից կտավներ են արտասահմանում ցուցադրել և հետ բերել։ 

Ցուցադրության համար նկարների արտասահման տեղափոխումը մաքսային ընթացակարգ է անցել և հետ բերելիս որպես Լեհաստանից ներմուծում գրանցվել։ 

«Ձեզ հետաքրքրող ցուցահանդեսի խորագիրն է «Ավանգարդ թանգարան», կազմակերպվել է Լեհաստանում՝ Լոձի արվեստի թանգարանում, ժամկետը՝ 2021թ. հոկտեմբերի 6-ից մինչև 2022թ. մայիսի 15-ը»,- պարզաբանում են «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ից՝ մանրամասնելով, որ խոսքը երկու կտավի մասին է։

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ցուցահանդեսին մասնակցել է հետևյալ երկու գեղանկարը.

Պյոտր Կոնչալովսկի, 1876-1956, «Նատյուրմորտ մրգերով», 1912թ. կտավ, յուղաներկ, ապահովագրական արժեք՝ 3 500 000 եվրո:

 

Վասիլի Ռոժդեստվենսկի, 1884-1963, «Նատյուրմորտ», 1918թ. կտավ, յուղաներկ, ապահովագրական արժեք՝ 3 000 000 եվրո:

 

 

Պատկերասրահից նշում են, որ թանգարանային առարկաները ժամանակավոր ցուցադրման հանձնելիս պարտադիր նշվում է դրանց ապահովագրական արժեքը, որը տարբերվում է շուկայական արժեքից և կարող է տարբեր լինել՝ կախված ռիսկերից, այն է՝ ճամփորդության առանձնահատկություններ, ցուցադրման ժամկետներ ու պայմաններ, թանգարանի հավաքածուի համար տվյալ թանգարանային առարկայի ունեցած նշանակություն և այն: 

Հաշվի առնելով նշված երկու կտավի արժեքները, ստացվում է, որ Լեհաստանից կտավների «ներմուծումը» մեծ մասամբ ապահովել է Ազգային պատկերասրահը։  

Եվ եթե դրանք գրանցվել են ներմուծում, ապա արտահանման մեջ չեն երևում։ Հատկանշական է, որ ոչ այս տարվա առաջին կիսամյակում, ոչ էլ 2021 թվականին նշված արժեքի կտավների արտահանում չի գրանցվել Հայաստանից։ 

Առհասարակ, ինչպես փաստում են մաքսային տվյալները, վերջին առնվազն տասը տարում այն ծածկագրով, որով «ներմուծվել» են կտավները Լեհաստանից (ԱՏԳ ԱԱ 9701), էական ծավալի արտահանումներ Հայաստանից և ներմուծումներ չեն գրանցվել՝ տարեկան կտրվածքով 1.7 մլն դոլարը չեն գերազանցել։ Այսինքն՝ նշված 9 մլն դոլարը երևում է միայն ներմուծման մեջ։

Ընդ որում՝ նշված 9 մլն դոլարի կտավների հաշվին էլ «աշխուժացել է» Հայաստան-Լեհաստան առևտուրը։ 

Այսպես, ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում ներմուծումը Լեհաստանից Հայաստան կազմել է 30.5 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 20 մլն դոլարի դիմաց։ Եթե բացառենք ցուցադրված կտավների 9 մլն դոլարը, կստացվի, որ ներմուծումը մնացել է գրեթե նույն մակարդակում։

Նույն տրամաբանությամբ, կարող էին Ազգային պատկերասրահից այլ նկարներ ևս ուղարկվել ցուցադրության, դրանք հաշվարկել արտաքին առևտրում և ուռճացնել տվյալները։

Իսկ Հայաստանից Լեհաստան արտահանումը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է մոտ 12 մլն դոլար՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 10.5 մլն դոլարի դիմաց։ Հայաստանը Լեհաստան է արտահանում հիմնականում ալյումինե նրբաթիթեղ։ 

Հայաստանի ազգային պատերասրահից շեշտում են, որ վերոնշյալ թանգարանային առարկաներն արտահանվել են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Թանգարանային առարկաները ժամանակավոր արտահանելու մասին հրամանի՝ հիմք ընդունելով Հայաստանի ազգային պատկերասրահի և Լոձի արվեստի թանգարանի միջև կնքված ցուցադրման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր տրամադրման պայմանագիրը, ապահովագրական պոլիսը և թանգարանային առարկաները ժամանակին և անվնաս վերադարձնելու լեհական կողմի պետական երաշխավորագիրը: Վերադարձին փորձագետների կողմից կազմվել է նույնականացման ակտ: 

Այս պատասխանից ենթադրվում է, որ օրենքով թանգարանային նմուշները արտասահմանում ցուցադրելիս մաքսային ընթացակարգ են անցնում։ ՊԵԿ-ից նշում են, որ կտավները Լեհաստանից ներմուծվել են «Վերաներմուծում՝ նախկինում ժամանակավոր արտահանում մաքսային ընթացակարգից հետո»։ 

Մյուս կողմից էլ, սակայն,  նման դեպքերը շեղում են վիճակագրական պատկերը իրականությունից։

Ի դեպ, նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունը չգիտի, որ Լեհաստանից նկար չի ներմուծվել, և իր հաշվետվություններում պատկերասրահ վերադարձված նկարները ներկայացրել է որպես ներմուծված:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել