Hetq.am-ը գրում է․
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից բացի, Հատիս լեռան վրա խոշոր հողակտորներ են ձեռք բերել ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանի դուստրը և եղբայրը։ «Հետք»-ը պարզել է, որ նրանք Հատիս լեռան լանջերին սեփականության իրավունքով 155 հա հողատարածք ունեն։ Հողակտորների փոքր մասը Պետրոսյաններին օտարվել է 2022 թվականին, իսկ հիմնական մասը՝ 2007-2008 թվականներին։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանի կառուցման գաղափարի մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, դրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական կարծիքից հետո հայտնի դարձավ, որ արձանը ցանկանում են կառուցել Հատիս լեռան գագաթին։ «Հետքն» արդեն գրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին Հատիսի գագաթին և լանջերին գտնվող հողակտորների վաճառքի մասին։
2022 թ.-ին Ակունք համայնքի ավագանու և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի որոշումներով ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանի դստերը՝ Արմինե Պետրոսյանին է օտարվել 2 տարբեր հողակտոր, որոնց ընդհանուր մակերեսը 7 հա է:
2022 թ.-ի հունիսին, Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդային կարգով Արմինե Պետրոսյանին է օտարվել 6 հեկտար հողակտոր, որի համար համայնքի բյուջե է վճարվել 2 միլիոն 50 հազար դրամ։ Օտարված հողակտորը գյուղատնտեսական է (արոտավայր կատեգորիայի) և գտնվում է Հատիս լեռան գագաթից 1.5 կմ ներքև (արևմուտք)՝ գոյություն ունեցող լճակի ստորին մասում։
Այս տարվա օգոստոսին Ակունք համայնքի ղեկավարը 1 հա մակերեսով հողակտոր է օտարել Արմինե Պետրոսյանին։ Այս հողակտորի դիմաց Պետրոսյանը համայնքի բյուջե է վճարել 395 հազար դրամ։ Հողակտորը նախորդի նման գյուղատնտեսական է և ունի «արոտավայր» նպատակային նշանակությունը։ Նշված հողակտորը գտնվում է Հատիսի գագաթից հարավ-արևմուտք՝ Ակունք համայնքի տարածքում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցուց ոչ հեռու (ուղիղ գծով մոտ 700 մետր)։ Ի դեպ, Արմինե Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այս հողակտորի հարևանությամբ է գտնվում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարված 7 հա հողատարածքը։
«Հատիսի լանջերը և գագաթի օտարումը սկսվել է 2007 թ.-ից»
Թեև լայն հանրությունն ամիսներ առաջ իմացավ, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը դարձել է Հատիսի գագաթի հողատարածքների սեփականատեր, բայց Հատիսի գագաթին առաջին հողատարածքը ձեռք է բերել Նորիկ Պետրոսյանը եւ այն հետագայում նվիրել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ Նորիկ Պետրոսյանի կողմից 46 հա հողատարածք Գագիկ Ծառուկյանին նվեր տալու մասին ամիսներ առաջ «Հետք»-ին հայտնել էր Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը։
Բացի գագաթի 46 հեկտար հողակտորից, որը հետագայում նվեր է տրվել «Ծառուկյան» հիմնադրամին, 2007 և 2008 թվականներին Հատիս լեռան վրա գտնվող ընդհանուր 148 հեկտար հող է օտարվել։
Այսպես, 2007 թ.-ին Ակունք համայնքի ավագանու, այնուհետև համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի որոշումներով գործարար Նորիկ Պետրոսյանի դստերը՝ Արմինե Պետրոսյանին է օտարվել ընդանուր 60 հեկտար հողակտոր։