ԱՄՆ-ը հիասթափեցնում է
ԱՄՆ կոնգրեսականների հայաստանյան այցից առաջ որոշակի շրջանակների կողմից գեներացվեցին այնպիսի սպասումներ, որ թվում էր՝ ստեղծված իրավիճակում հյուրերի այցը դառնալու է փրկօղակ:
Ո՞րն էր ամերիկացիների հիմնական ուղերձը՝ Հայաստանին: Օրինակ ՝ ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Փրայսը հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք, ԱՄՆ-ը Հայաստանին ու Արցախին անվտանգային երաշխիքներ տալ, կրավորական պատասխան է տվել՝ ասելով. «ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ ներգրավվելու բազմակողմանի և երկկողմանի բանակցություններում, և մենք, իհարկե, Մինսկի խմբի մեր համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում և հասկանում ենք, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների,և պահանջվում են անդադար քննարկումներ։ Մեր երկիրն ամենայն պատրաստակամությամբ իր աջակցությունը կհայտնի, և մենք չենք ուզում, որ որևէ մի կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր։ Ընդհակառակը՝ ուզում եմ ասել, որ մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա»:
Ամերիկացի կոնգրեսականի պատասխանը նման է Փելոսիի երևանյան այցի շրջանակներում ամերիկացիների՝ համանման հարցին տված պատասխանի բովանդակությանը. այն ժամանակ էլ ամերիկյան պատվիրակության անդամները ձեռնպահ էին մնացել որևիցե բան խոստանալուց՝ բավարարվելով «Ամեն լավին կողմ ենք, ամեն վատ բանին՝ դեմ» բովանդակության հայտարարություններով:
Հարց է առաջանում՝ եթե ԱՄՆ-ը հրաժարվում է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, այդ ուղղությամբ գործնական քայլ չի կատարվում, ապա ո՞րն է Հայաստան կատարվող այցելությունների նպատակը, ի՞նչ են ուզում արած լինել ամերիկացիները:
Իրականում ամերիկացիները փորձում են լցնել տարածաշրջանում ՌԴ-ի թափուր մնացած տեղը, քանի որ համոզված են, որ Ռուսաստանն է՛լ ոտքի չի կանգնելու՝ ստիպված լինելով լքել տարածաշրջանը: ԱՄՆ-ը հրաժարվում է կողմերից մեկնումեկի կողմը բռնելուց՝ նպատակ ունենալով նման կերպ իր ազդեցությունն ուժեղացնել հակամարտող կողմերի նկատմամբ: Միևնույն ժամանակ բացառված չէ, որ նման այցերը ունեն նաև գաղտնի օրակարգ՝ ուղղված Իրանի դեմ, որի մասին չի բարձաձայնվում:
Բոլոր դեպքերում ավելին, քան հիմա է տալիս, Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող տալ ԱՄՆ-ին՝ նկատի ունենալով հատկապես Արևմուտքից ակնկալվող երաշխիքների բացակայության հանգամանքը: Կյանքն ապացուցել է, որ բանավոր կոչերն ու սրտաճմլիկ հայասիրությունը Ալիևին բացարձակապես չեն զսպում, իսկ երբ գալիս է ռեալ պոլոիտիկի ժամանակը, բոլորը նախընտրում են ադրբեջանական էներգակիրները.ցուրտ է, մրսում են:



