«Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-իր թվիթերյան գրառմամբ այս մասին «ավետել է» Նիկոլը՝ հասկացնելով, որ Հայաստանը բնավ մտադիր չէ թուրանական մեծ պրոյեկտի հեղինակների կոկորդին մնացած ոսկորի դերում հանդես գալ:

Նիկոլի գրատումը, ըստ էության, կարելի է գնահատել որպես Չեխիայում Իլհամ-Էրդողան զույգի հետ ունեցած «բանակցությունների» արձագանք՝ արձագանք, որը շարունակելու է տարածվել մինչ այն պահը, երբ Նիկոլը հանդիսավոր կերպով կհանձնի Հայաստանը:

Նիկոլի հայտարարությունն արվում է նաև ներքին լսարանի համար (անշուշտ, ոչ միայն, քանի որ կա նաև ասենք նույն Իրանի գործոնը, որը Նիկոլի «աչքերը կհանի», եթե կասկածելի բան նկատի)՝ հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնելու» ու համոզելու, որ Էրդողանի՝«Զանգեզուրի միջանցքի» մասին վերջին հայտարարություններն այն չեն, ինչ մտածում են քննադատները, և Հայաստանը պատրաստվում է ոչ թե էքստերիտորիալ միջանցքի հատկացմանը, այլ ուղղակի տրանսպորտային ուղիների բացմանը: Նիկոլը փորձել է տպավորություն ստեղծել, թե ընդդիմանում է թուրքերի ծրագրերին ու չի հասկանում՝ ինչի մասին է խոսում Էրդողանը:

Մինչդեռ թուքրերը չեն պատրաստվում հարստացնել ՀՀ պետական բյուջեն, այլ խնդիր ունեն՝ ցամաքային կապ հաստատելու Ադրբեջանի հետ սեփական բանաձևով, որը մեջտեղից կիսում է Հայաստանն ու կղզիացնում Սյունիքը: Ավելին՝ թուրքերին մեծ առումով Ադրբեջանի կամ միջինասիական երկրների հետ կապվելը չէ, որ հետաքրքրում է (նրանք դրա համար ունեն այլընտրանքային շատ լավ ուղիներ), այլ ընդամենը խնդիր կա՝ Հայաստանը տրոհելու, իսկ Նիկոլի ջանքերը՝ միջազգային հանրության կամ ՀՀ ներսում կառուցողական ու հայրենասեր երևալու, նմանվում են կլոունադայի. ոմանք Նիկոլի հետ սեպարատ պայմանավորվածություններ ունեն՝ Հայաստանն արագորեն լիկվիդացնելու, ինչին, ի դեպ, կարող է շատ լավ նպաստել Նիկոլի առաջարկը, քանի որ սկզբում կարող է ուղղակի ճանապարհ լինել, իսկ հետո սահուն կերպով վերածվել միջանցքի՝ ելնելով ասենք թուրքական կողմի համար անվտանգային նկատառումներից: Սցենարների ու բանաձևերի պակաս չկա՝ճանապարհները հարկ եղած դեպքում միջանցքներ դարձնելու՝ հատկապես նկատի ունենալով Նիկոլի առատաձեռնությունը,ում համար խորշելի չէ նաև սարքովի պատերազմի սցենարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել