Pastinfo.am-ը գրում է․
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ Վարդենիսի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 24-ամյա Արա Հովհաննիսյանը:
Արան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից էր, ծառայությանը զուգահեռ նաև սովորում էր. Երևանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտել է այս տարի և չի հասցրել անգամ դիպլոմը վերցնել:
«Երեք տարի առաջ մտավ ծառայության: Ընտանիքի սոցիալական վիճակից դրդված՝ ստիպված անցավ հեռակա ուսուցման, որ կարողանար ծառայության անցնել: Երբ ասում էի՝ բարձրագույն կրթություն ունես, գրագետ տղա ես, ինչո՞ւ ես բանակ մտել, ասում էր՝ բա ես որ չծառայեմ, ո՞վ ծառայի, չէ՞ որ ես իմ ազգին եմ ծառայում: Էդպես ասում էր ու թեման փակում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արայի հորեղբայրը՝ Արշավիր Հովհաննիսյանը:
Արայի մարմինը ընտանիքին է փոխանցվել նրա զոհվելուց՝ 23 օր անց միայն, նույնականացվել՝ ԴՆԹ-ով: Հորեղբոր խոսքով՝ Արայի զոհվելու հանգամանքներն անհայտ են. ոչինչ չեն կարողանում պարզել, քանի որ դիրքից ոչ ոք ողջ չի մնացել:
Ծնողների հետ Արան վերջին անգամ խոսել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մի քանի ժամ առաջ:
«Ամսի 12-ին երեկոյան՝ ժամը 7-ին է զանգել ու սովորականի պես հարցուփորձ արել՝ ի՞նչ կա, ո՞նց եք: Ոչ մի բան չի ասել հնարավոր պատերազմի մասին: Ինքն ընդհանրապես շատ փակ տղա էր, ծառայության հետ կապված ոչինչ չէր ասում տանը: Երբ ծառայությունից, պայմաններից հարցնեիր, կասեր՝ ամեն ինչ նորմալ է: Իր գործին նվիրված մարդ էր, մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ծառայությանը: Դիպլոմը ստանալուց հետո էլ պետք է կոչումը բարձրացնեին՝ լեյտենանտի կոչում տային»,-ասում է հորեղբայրը:
Արան պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Հադրութում, իսկ երբ 44-օրյան սկսվեց, արդեն պայմանագրային զինծառայող էր:
Ծովակի վարչական ղեկավարը՝ Ռուբեն Ղանդիլյանը, զոհված համագյուղացու մասին խոսելիս առաջինը նշում է նրա համեստ, հավասարակշռված ու զուսպ լինելը:
Արան ծնողների անդրանիկ ու միակ որդին էր: