1in.am-ը գրում է.

Այս տարվա առաջին 7 ամիսներին պետբյուջեի եկամուտները նորից ծախսերից առաջ են անցել իրենց կատարողականով, և հուլիսը փակվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդով (եկամուտների և ծախսերի տարբերությունը): Իհարկե պետբյուջեի եկամուտների ավելի քան 94 տոկոսը ձևավորվում է հարկերից և տուքերից: 
Այստեղ հետաքրքիր է այն, որ հարկային եկամուտների գերակշիռ մասը գոյանում է անուղղակի հարկերից: Այսինքն՝ այն հարկերից, որոնք անուղղակիորեն վճարում է սպառողը՝ հասարակ քաղաքացին: Այդ հարկերն են ավելացված արժեքի հարկը և ակցիզահարկը, որոնք այս տարվա առաջին 7 ամսիներին միասին կազմում են պետբյուջեի հարկային եկամուտների 42.5 տոկոսը: Ստացվում է, որ պետբյուջեի հարկային եկամուտների 42.5 տոկոսը ապահովում են սպառողները: 
Սպառողի անուղղակի հարկատու լինելու փաստը զարմանալի չէ, այստեղ կարևոր է այն, որ սպառողը վճարում է հարկային եկամուտների և տուքերի 42.5 տոկոսը, այն դեպքում, երբ երկրի բոլոր տնտեսվարողների վճարած շահութահարկը, շրջանառության հարկն ու եկամտային հարկը միասին ավելի քիչ տեսակարար կշիռ ունեն պետբյուջեի հարկային եկամուտների և տուքերի կազմում՝ 35.3 տոկոս:
Այս ցուցանիշն արդարացված է միայն նրանով, որ զուտ վարչարարական առումով սպառումը հարկելն ավելի դյուրին է, քան եկամուտները հարկելը: Սակայն սա առաջին հերթին անարդար է սպառողների նկատմամբ և երկրորդ հերթին հանգեցնում է եկամուտների մի մասի ստվերայնացման: Իսկ ստվերը, նույնիսկ պաշտոնական գնահատումներով, Հայաստանում բավական մեծ է` մոտ 30-40%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել