1in.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը հետևում են «Փակ շուկայի» շուրջ ծավալվող դեպքերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Մեր արագ արձագանքման խմբերը պարբերաբար այնտեղ են լինում: Իրենց հետ իմ վերջին զրույցի ժամանակ դեռևս մեզ ուղղված դիմումներ չկային, սակայն իրենք հետևում են ընթացքին»,- ասաց ՄԻՊ խոսնակը` նշելով, որ դեպքի վայրից իրենց այդ խմբերը գրեթե չեն բացակայում:
ՄԻՊ խոսնակը դժվարացավ նշել` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անձամբ կայցե՞լի «Փակ շուկայի» տարածք, թե՞ ոչ: «Մեր աշխատակիցներն այնտեղ են, իրավիճակին ծանոթ են, վերահսկում են: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտարարություններով է հանդես եկել այս կապակցությամբ, չգիտեմ` ևս մեկ անգամ այս կապակցությամբ հայտարարություն անելու կարիք կա, թե ոչ»,- ասաց նա:
Նշենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստներն օգոստոսի 31-ին կազմակերպել են «Փակ շուկայի» տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը, որի ժամանակ բախումներ են տեղի ունեցել նախաձեռնության անդամների և «Փակ շուկայի» հարևանությամբ ապրող բնակիչների ու շուկայի նախկին աշխատակիցների միջև: Բողոքի ակցիային մասնակցել են նաև սադրիչներ, ակտիվիստներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: