«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն քպականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, թեմայի հետ կապված ներիշխանական լուրջ «բոլոլա» է սկսվել, ի մասնավորի՝ երեկ օրվա երկրորդ կեսին թեժ խոսակցություններ են տեղի ունեցել ՔՊ խմբակցությունում։
Նույնիսկ կառավարությունից բարձրաստիճան «լիազոր ներկայացուցիչ» է խորհրդարան գնացել ու նեղսրտել, թե քառօրյայի օրակարգն արագ սպառելը սուր քննադատության առիթ է դարձել։ Իշխող խմբակցության պատգամավորները փորձել են արդարանալ, թե առանց ընդդիմադիր խմբակցությունների ոչ մի կերպ հնարավոր չէ նորմալ դիսկուրս ծավալել և հարցի քննարկում իրականացնել։
Ավելին, որոշ պատգամավորներ անգամ «սլաքներն» ուղղել են դեպի կառավարություն և նշել, թե գործադիրի կողմից ակտիվություն չի ցուցաբերվում և պատշաճ ծավալի օրենսդրական նախաձեռնություններ չեն ուղարկվում խորհրդարան. «ինչ ուղարկում եք, էն էլ քննարկում ենք»՝ հասկացրել են քպականները»: