Emedia.am-ը գրում է.
Սենտ-Էնդրյուսի համալսարանի հետազոտողները մշակել են երբևէ մարդու կողմից ստեղծված ամենաարագ պտտվող օբյեկտը: Լազերային ճառագայթի օգնությամբ նրանց հաջողվել է փոքրագույն գունդը վակուումում բարձրացնել ու ստիպել պտտվել 600 մլն պտույտ վայրկյանում արագությամբ, ինչը 500 հազար անգամ արագ է լվացքի մեքենայի թմբուկի, և 1000 անգամ՝ ատամնաբուժական բոր-մեքենայի պտույտից:
Գիտափորձի համար, որը նկարագրվում է Nature Communications գիտական ամսագրի վերջին թողարկման մեջ, գիտնականները ստեղծել են միկրոսկոպիկ կարբոնատե կալցիումի գունդ, որի շրջագիծը հավասար է մետրի 4 միլիոներորդ մասին:
Չնայած շատ միջազգային հետազոտություններ ուղղված են դասական ու քվանտային ֆիզիկաների սահմանին տեղի ունեցող պրոցեսների ուսումնասիրմանը՝ հիմնական ակցենտը դրվում է ատոմների ու մոլեկուլների վրա: Սենտ-Էնդրյուսի համալսարանի գիտնականները ձգտում են ավելի լավ ուսումնասիրել խոշոր օբյեկտների ֆիզիկան, որոնք բաղկացած են միլիարդավոր ատոմներից:
«Սա զարմանալի գիտափորձ է, որը ընդլայնում է պտտվող օբյեկտների՝ մեր հասկացողությունը: Հեռանկարում կարելի է ստեղծել պտտվող օբյեկտներից բաղկացած ամբողջական համակարգեր: Հնարավոր է՝ դա նույնիսկ թույլ կտա մեզ ուսումնասիրել քվանտային շփումը»,- պատմում է հետազոտության համահեղինակ Էսիխիկո Արիտան:
«Մենք կկարողանանք ուսումնասիրել տերմոդինամիկայի զարմանալի հատկությունները, որոնք դժվարությամբ են թեորիապես մոդելավորվում: Գունդն ունի պտտման այնքան մեծ արագություն, որ նրա մակերևույթի անկյունային արագացումը միլիարդ անգամ գերազանցում է Երկրի գրավիտացիան: Դա թույլ չի տվել կենտրոնախույս ուժերին՝ այն մասերի բաժանել»,- ասում է հետազոտող Մայքլ Մազիլուն: