Դուք պետք է պայքարեք գողականների դեմ, այլ ոչ թե իրենց հետ ընկերություն անեք: Ճիշտն ասած` ես մտադրված էլ չէի այս ոճի հոդված գրելու, եթե պատահմամբ մամուլում չկարդայի հետևյալ վերնագրով հոդվածը` «Պատգամավորը իր հարցերը «գողականով» է լուծում»:
Եթե հավատանք հոդվածում տեղ գտած տեղեկատվությանը, ապա ստացվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը տարիներ առաջ իր ծանոթներից մեկին 30 000 ԱՄՆ դոլար է տրամադրել պարտքով, որը փորձում է ետ բերել քրեական աշխարհի հեղինակությունների միջոցով…
Հարգելի ընթերցոողներ, ես այս հոդվածում չեմ ցանկանում ֆիքսվել կոնկրետ այս դեպքի վրա, քանի որ նմանատիպ դեպքերը շատ-շատ են, քննարկման առարկան այստեղ Արագած Ախոյանը չէ, այլ ինքը` երևույթը: Եկեք անկեղծ լինենք և հիշենք. ինչո՞ւ քիչ են հանդիպում այնպիսի պահեր, երբ մենք լսում կամ լսել ենք հետևյալ արտահայտությունը` «դե Ն դատավորը, կամ Մ … քրեականի պետը, կամ Ռ…պատգամավորը մեր «ախպերն ա…»»:
Երևի հասկանալի է, որ այսպիսի արտահայտություններ անողները նույն հանցավոր աշխարհի հեղինակություններն են, կամ ինչու չէ` «դե Լ… զոն նայողը մեր ախպերն ա, Վ…ն, որի դեմ այդ քաղաքում խաղ չկա, մեր մոտիկն է…», այսպիսի արտահայտության հեղինակներն էլ օրենքի պաշտպաններն են`պատգամավորներ, ներքին գործերի սպաներ և այլն, և այլն: Ի՞նչ է սա նշանակում, միայն մի բան, որ հասարակությունը դեգրադացման ճանապարհին է, այլ կերպ չի կարելի բացատրել, թե ինչպես է հնարավոր, որ «ավտորիտետը» պետական գործչի «ախպերը» լինի, կամ օրենքի պահապանը «ախպեր» համարի 5-6 անգամ դատված քրեական հեղինակությանը:
Հ.Գ. Ուշքի եկեք, հարիր չէ…